‘Դեղերի իրացման նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել. Առողջապահության նախարարություն’

1404

ՀՀ առողջապահության նախարարությունից iLur.am-ին տեղեկացնում են, որ նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով՝ դեղերի իրացման նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել: Նախարարի հրամանով սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայությունների նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գներ` հիմնած տվյալ ծառայությունների ինքնարժեքի հաշվարկի վրա:

Միևնույն ժամանակ, բնակչության համար դեղերի մատչելիության խնդիրը լուծելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարականներ է տվել ուսումնասիրել դեղերի գների կարգավորման եվրոպական փորձը, որի հիման վրա դեղերի գների պետական կարգավորման մեխանիզմների վերաբերյալ համապատասխան դրույթներ պետք է ներառվեն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում:

Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվում է նաև ախտորոշիչ լաբորատորիաների գործունեությունը` դրանցում միօրինակացված չափորոշիչների ապահովման նպատակով։

Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ էին գտել հրապարակումներ, որոնց համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են Հայաստանում վաճառվող դեղերի և դեղանյութերի նվազագույն և առավելագույն գներ։
Դեղերի թանկացման հարցին iLur.am-ը մի քանի անգամ անդրադարձել է: ՏՄՄՊՀ-ից մեզ հայտնել էին, որ արձանագրել են դեղորայքի շուկայում գնային փոփոխությունը, և հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարում շուկայում՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված գների աճը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր iLur.am-ը՝ դեղատներում նկատվել էր շուրջ 30% գների թանկացում: ՏՄՄՊՀ-ից մեզ հայտնել էին, որ հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարում շուկայում՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված գների աճը:

Նախորդ հոդվածը‘Կասկածներ կան, որ արտահանված իշխանն անորակ չէր ‘
Հաջորդ հոդվածը‘Մեկնարկում է ամենահեղինակավոր մրցաշարը` Չեմպիոնների լիգան ‘