‘Դեմոկրատական ուժերի եւ բուրժուազիայի լրջանալու պահը հասունացել է’

1100

Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի տնտեսական զարգացման գլխավոր շարժիչը այդ երկրի բուրժուական դասակարգն է: Եթե երկրում կա բարենպաստ բիզնես-միջավայր, եթե երկրի գործարար շերտն իրեն լավ է զգում, ապա երկիրը կարող է զարգանալ: Եթե երկրում գործարար շերտն իրեն լավ է զգում, իսկ աշխատավոր շերտերը դժգոհ են իրենց սոցիալական կարգավիճակից, ապա այդ երկիրը նույնպես կարող է զարգանալ: Սակայն այդ երկրում կլինի արդարության դեֆիցիտ: Իդեալականն, իհարկե, այն է, որ երկրում իրեն լավ զգան ե՛ւ գործարարները, ե՛ւ հասարակ աշխատավորները: Այսինքն՝ այն, ինչ այսօր կա քիչ թե շատ զարգացած երկրներում:

Հայաստանն այսօր բոլոր այս տարբերակներից դուրս է մնացել: Այսօր Հայաստանում իրեն վատ է զգում ոչ միայն աշխատավորը, այլեւ գործարարը: Այսինքն՝ Հայաստանում այսօր ոչ միայն արդարություն չկա, այլեւ զարգացում: Սա նշանակում է, որ երկիրը դանդաղ մեռնում է: Սա մոտավորապես նույնն է, որ մարդը աշխատանք չունի, սակայն պարտքերի մեջ թաղված գործազուրկ լինելով՝ տանն է մնացել, որպեսզի պահի իր ընտանիքը:

Հասկանալի է, որ այդ պարագայում սովի է մատնվելու այդ մարդու ընտանիքը, եւ փլուզվելու է այն: Հենց այդպիսի վիճակում է  այսօր Հայաստանը: Եթե Հայաստանում ընդամենը 5 տարի առաջ կար մոտավորապես  250 մարդ, որի կարողությունը 30 միլիոն դոլարից ավելի էր, եւ որոնք զբաղված էին ակտիվ բիզնեսով, եւ իրենց բիզնեսները մեծամասամբ ծաղկում ու զարգանում էին, ապա այսօր Հայաստանում այդ գործարարների ընդամենը կեսն է մնացել: Վերջիններիս մեծ մասն էլ իրենց ողջ բիզնեսները գրավի տակ են դրել բանկերում եւ հիմնականում աշխատում են բանկերի տոկոսները փակելու համար:

Հասկանալի է, որ սա Հայաստանի տնտեսության մահվան նախավերջին ստադիան է: Ընդամենը 1-2 տարվա ընթացքում այդ մարդիկ էլ վերջնականապես կսնանկանան եւ դուրս կգան խաղից, ապա Հայաստանում կհաստատվի գերմոնոպոլացված տնտեսական համակարգ, որտեղ կմնա ընդամենը մի քանի տասնյակ միլիոնատեր:

Դժվար չէ կռահել, որ այդ մեկ-երկու տարուց հետո, բիզնեսի վերջնական սնանկացումից հետո, հերթը կհասնի բանկերի լիակատար սնանկացմանը: Հասկանալի է, որ տնտեսական սնանկացման արդյունքին կհետեւի պետականության ամբողջական փլուզումը, քանի որ եթե երկրում չաշխատեն ձեռնարկությունները, բանկերը, ապա բյուջեն չի հավաքագրվի, եւ պետությունը չի կարողանա ապահովել իր մինիմալ սոցիալական պարտավորությունները, որոնք նա տալիս է թոշակառուներին, պետական աշխատողներին եւ այլ սոցիալական ծառայողների:

Հասկանալի է, որ այդ պարագայում չի կարող գոյատեւել նաեւ հայկական բանակը, որը այսօրվա մեր պետության եւ հայ ժողովրդի անվտանգության գլխավոր երաշխիքն է:

Մեկ անգամ մենք այդ ամենը տեսանք 25 տարի առաջ` ԽՍՀՄ-ում, եւ այդ օրինակը մեր աչքի առջեւ կարող է կրկնվել նաեւ Հայաստանում` Սերժ եւ Տիգրան Սարգսյանների կառավարման արդյունքում:

Այս ամենը գիտակցում են ներկայիս Հայաստանի բոլոր առողջ շրջանակները: Հարց է առաջանում` իսկ ի՞նչ անել եւ ինչպե՞ս փոխել այս իրավիճակը: Հատկապես, որ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով իշխանությանը հաջողվել է տրոհել եւ կազմալուծել Հայաստանի քաղաքական դաշտը եւ իր գեբելսյան քարոզչամեքենայի միջոցով ձեւավորել նոր ստերեոտիպային պատկերացումներ ներկայիս վիճակի վերաբերյալ եւ հրամցնել այն հասարակության գիտակից զանգվածին:

Թերեւս՝ այս իրավիճակից դուրս գալու առաջին եւ ստրատեգիական առաջարկը 2011 թվականին արեց ՀՀ 1-ին նախագահը` իր քաղաքագիտական վերլուծությամբ, որտեղ հանգամանալից ներկայացված էր այն պարզ ճշմարտությունը, որ երկրի այս իրավիճակի միակ ելքը բուրժուադեմոկրատական արմատական փոփոխություններն են, իսկ դրա համար կենսական անհրաժեշտություն է, որպեսզի կայանա երկրի բուրժուազիայի եւ դեմոկրատական շրջանակների ամուր դաշինքը:

Տրամաբանական է նաեւ այն, որ երբ չի գործում օրենքի իշխանությունը եւ երկրի դատական համակարգը, ուժային կառույցները աշխատում են մեկ մարդու հրահանգով, ապա դժվարին է դառնում բուրժուազիայի անելիքը, քանի որ  նման պայմաններում բուրժուազիան օբյեկտիվորեն չի կարող դիմել ռադիկալ քայլերի, սակայն իրավիճակը կարող է փոխվել այն դեպքում, երբ երկրում փոխվի ներկայիս բարոյահոգեբանական մթնոլորտը, երբ երկրում վերականգնվի կոնսոլիդացված համաժողովրդական շարժումը: Շարժում, որը էռոզիայի կենթարկի մեկ կենտրոնից կառավարվող բուրգը:

Հասկանալի է, որ հենց այդ շարժումը կանխելու համար է, որ իշխանությունը ստեղծում է  բազմաթիվ կոոպերատիվ կառույցներ, հասարակական շարժումներ եւ տարատեսակ` իբր ընդդիմադիր, իրականում` «դհոլ» գործիչներ, որոնց գլխավոր նպատակը սույն գաղափարը կազմալուծելն է եւ թույլ չտալն է, որ երկրում հաստատվի իրական դեմոկրատական ուժերի եւ բուրժուազիայի իրական դաշինքը: Այս ծրագրերի խափանման գլխավոր եւ միակ միջոցը Ազատության հրապարակում նոր լարվածության դաշտ ձեւավորելն է, որը պետք է կրի պերմանենտ բնույթ:

Այդ դաշտի ձեւավորումից հետո բոլոր այդ կոոպերատիվ եւ «դհոլային» կառույցները ջրի երես դուրս կգան եւ հասարակական-քաղաքական դաշտից կթռչեն, ինչպես շամպանսկու խցան: Միմիայն այդ խնդիրը լուծելով կարելի է ուժեղացնել հասարակության գործոնը երկրում, որը կթուլացնի իշխանությանը, «կհաշվի» նրա դատա-ուժային «ատամները» եւ կչեզոքացնի նրանց պոտենցիալ բացասական ազդեցությունը բուրժուական դասակարգի վրա, ինչը վերջինիս թույլ կտա գործել ավելի համարձակ եւ բացահայտ: Եվ որի գործընթացների արդյունքում արդեն բացահայտ կձեւավորվի բուրժուադեմոկրատական մեծ շարժում, որի գլխավոր նպատակները կլինեն պոզիտիվ, կառուցողական եւ կոնսոլիդացնող: Ինչպես որ կար 1988 թվականի Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Վստահ ենք, որ այս ամենի պարագայում Հայաստանում հնարավոր կլինի իրականացնել թավշյա հեղափոխություն, եւ երկրում հաստատել նորմալ իրար հանդուրժող եւ բարոյահոգեբանական դրական մթնոլորտ:

Հասկանալի է, որ դրա համար անչափ կարեւոր է, որ այս նոր դեմոկրատական պրոցեսի գլխավոր թիրախները ճիշտ ընտրվեն, այնպես, ինչպես ճիշտ էին ընտրված 1988 թ. Ղարաբաղյան շարժման ժամանակ: 88-ին, բնականաբար, մարդիկ միտված էին պոզիտիվ նպատակների, եւ ոչ ոքի մտքով չէր անցնում պատժելու այս կամ այն Ռայկոմի քարտուղարին: Թեւ բոլորին էլ պարզ էր, որ այն ժամանակվա կառավարման համակարգը ոտքից գլուխ կոռումպացված էր:

Թե ով պետք է այս պրոցեսի առաջին քայլը սկսի, կարծում ենք` հասկանալի է բոլորին: Նշենք, որ հապաղումը կամ ուշացումը չափազանց վտանգավոր կլինի բոլորի համար, եւ արժե, որ այս ամենը գիտակցեն բոլոր շահագրգռված եւ ազդեցիկ շրջանակները: Նշենք նաեւ, որ  այս պրոցեսի մեջ շահագրգռված են ոչ միայն ընդդիմադիր դեմոկրատական շրջանակները եւ ոչ միայն ներկայիս բուրժուազիան` իր տարատեսակ կուսակցական թեւերով, այլ նույնիսկ պետական բյուրոկրատիայի մի զգալի մասը, որի ներկայացուցիչները հրապարակավ երբեք դա չեն խոստովանում, սակայն պրոցեսը սկսելուց հետո ուղղակիորեն կամ անուղղակի կնպաստեն դրան:

Եվ այս ամենը սկսելու համար պետք է ձեւավորել լուրջ քաղաքական օրակարգ, լուրջ եւ իրական ճանապարհային քարտեզ, իսկ թե ովքեր եւ երբ պետք է սկսեն այս ամենը եւ որ փուլերում նրանց պետք է միանան նորանոր շրջանակները, բոլորովին այլ թեմայի եւ խոսակցության հարց է:

Արտակ Հակոբյան

www.zham.am  

Նախորդ հոդվածը‘Միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.100 մլն դոլար ‘
Հաջորդ հոդվածը‘Փակ է Վայք — Ջերմուկ ճանապարհահատվածը’