‘Դեմոկրատների նստացույց ԱՄՆ կոնգրեսում’

1691

ԱՄՆ կոնգրեսի դեմոկրատ անդամները հրաժարվել են հեռանալ ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճից՝ այդ կերպ փորձելով կոնգրեսականներին ստիպել քվեարկելու զենքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու օրենքի օգտին:

Մոտավորապես 100 օրենսդիրներ մասնակցել են բողոքի այդ ակցիային՝ պահանջելով ավելի մանրակրկիտ ստուգումներ սահմանել նրանց նկատմամբ, ովքեր ուզում են զենք գնել, և արգելել դրա վաճառքը ահաբեկչական գործունեության մեջ կասկածվող անձանց:

Ակցիայի մասնակիցների կարծիքով՝ վերջերս Ֆլորիդայի գիշերային ակումբում 49 մարդու սպանությունը վկայում է, որ օրենքն այդ ոլորտում պետք է խստացնել:

Պալատի խոսնակ, հանրապետական Փոլ Ռայանը դեմոկրատ սենատորների ակցիան անվանել է ընդամենը քարոզչական հնարք՝ ուղղված հանրությանը: Կոնգրեսը վերահսկող հանրապետականներն ընդմիջում են հայտարարել, և հեռուստաընկերությունները դադարեցրել են նիստի հեռարձակումը, որից հետո նստացույցի մասնակիցները «տեղափոխվել» են համացանց՝ այնտեղ տեղադրելով լուսանկարներ, իսկ մի սենատոր ուղիղ հեռարձակում է կազմակերպել՝ օգտագործելով Periscope շարժական հավելվածը:

Նստացույցը գլխավորում է կոնգրեսական, 1960-ական թթ. քաղաքացիական իրավունքների համար պայքարի վետերան Ջոն Լյուիսը: Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Թուրքիա. Խոցված Սու-24-ի համար փոխհատուցման հարց չի քննարկվում’
Հաջորդ հոդվածը‘Որ փողոցները կփակվեն Հռոմի Պապի այցի ժամանակ’