ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի՝ 2021 թ․ Կապիտոլիումի վրա հարձակման հանգամանքները քննող հատուկ հանձնաժողովի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆը (Կալիֆոռնիա նահանգից) կարծում է, որ արդարադատության նախարարությունը կարող է մեղադրանքներ առաջադրել նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին։
Կիրակի օրը, պատասխանելով ABC հեռուստաալիքի հարցին՝ պե՞տք է գործ հարուցվի ԱՄՆ նախկին նախագահի նկատմամբ, Շիֆն ասել է․ «Ես կուզենայի, որ արդարադատության նախարարությունը հետաքննի Դոնալդ Թրամփի կամ էլի որևէ մեկի կողմից հանցավոր գործունեության վերաբերյալ վստահություն ներշնչող ցանկացած մեղադրանք։ Օրենքի գերակայությունը պետք է հավասարապես վերաբերի բոլորին»։
Օրենսդիրը վկայակոչել է դաշնային դատավորներից մեկի կարծիքը, որն ավելի վաղ պնդել է, որ հիմքեր կան խոսելու նախկին նախագահի կողմից օրենքը խախտելու մասին։ «Դա պետք է հետաքննվի, եթե հուսալի ապացույցներ կան, իսկ այդպիսիք, կարծում եմ, գոյություն ունեն»,- նշել է Շիֆը։
Փոխանցում է tass.ru-ն։