‘Դեմոկրատ կոնգրեսականը կոչ է արել բոյկոտել Թրամփի վարչակազմին’

2349

Ամերիկյան իշխանությունների միգրացիոն քաղաքականության շուրջ բորբոքվող կրքերը չեն հանդարտվում. ԱՄՆ նախագահը խոսքակռվի է բռնվել ներկայացուցիչների պալատի անդամ, դեմոկրատ Մաքսին Ուոթերսի հետ, որը կոչ է արել բոյկոտել Թրամփի վարչակազմի նախարարներին:

Ուոթերսը մեկնաբանել է անցայլ կիրակի Վիրջինիա նահանգում Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսին ռեստորանից դուրս հրավիրելու միջադեպին և նշել, որ դա լավ օրինակ կարող է ծառայել, թե ինչպես պետք է վարվել նախագահի աշխատակազմի անդամների հետ: «Եթե տեսնեք կառավարության անդամներից որևէ մեկին ռեստորանում, սուպերմարկետում, ավտոկայանատեղիում, շրջապատեք նրան և ասեք, որ նրան ոչ մի տեղ ուրախ չեն տեսնել»,- ասել է Ուոթերսը:

Թրամփը երկուշաբթի Twitter-ում պատասխանել է դեմոկրատ կոնգրեսականին՝ նրան անվանելով չտեսնված ցածր IQ  ունեցող անձնավորություն, և ապա գրել է. «Զգույշ եղիր քո ցանկություններում, Մաքս»: Թրամփն անուշադրության չի մատնել նաև ռեստորանի միջադեպը՝ այդ հաստատության սեփականատերերին խորհուրդ տալով զբաղվել կեղտոտ  դռներն ու լուսամուտները լվանալով, ոչ թե դուրս անել այնպիսի հրաշալի մարդու, ինչպիսին Սառա Սանդերսն է:

Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Փելոսին կողմերին հանդարտության կոչ է արել: Նա նախատել է Մաքսին Ուոթերսին անքաղաքավարի խոսքերի համար, բայց նաև դատապարտել է Թրամփին՝ նրա «ամենօրյա կոպտության» առիթով:

Փոխանցում է BBC-ն:  

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Ռիալի փոխարժեքն ընկնում է, իրանցիները բողոքում են’