‘«Դ!ԵՄ ԵՄ»-ի կոչը գործատուներին. Մի՛ ծառայեք որպես գործիք կառավարության ձեռքին’

1617

«Դեմ եմ» նախաձեռնությունը հանդես է եկել Հայաստանի աշխատողներին եւ գործատուներին ուղղված կոչով, որը ներկայացնում ենք ստորեւ.

Վերջին օրերին ՀՀ կառավարությունը, օգտագործելով իր տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցներն ու հնարքները, փորձում է ահաբեկել չարաբաստիկ օրենքի ազդեցության տիրույթում հայտնված ՀՀ հարկատու քաղաքացիներին ու գործատուներին, որպեսզի կատարեն պարտադիր կենսաթոշակային վճարները և ընտրեն կենսաթոշակային ֆոնդեր:

Քանի դեռ պարզ չէ, թե ինչ իրավական ռեժիմ կսահմանվի մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի՝ օրենքը հակասահմանադրական ճանաչելու մասին որոշման ընդունումը ֆոնդ ընտրած մարդկանց համար, հավանականությունն այնուամենայնիվ պահպանվում է, որ այժմ ձեր կողմից ֆոնդի ընտրության դեպքում, դուք կմնաք կուտակային «պարտադիր» փոսում`որպես ձեր «կամքով» ընտրություն կատարած քաղաքացիներ, և պարտավորված կլինեք կատարել այդ վճարները մինչև թոշակային տարիքը, անկախ նրանից դուք կաշխատեք ձեր ներկայիս աշխատավայրում, թե՛ այլ տեղ: 

Սակայն, ֆոնդ չընտրելով, ձեր գումարները չեն կորչի, դրանք կմնան «կամուրջ» հաշվին՝ մինչև ձեր կողմից կամ ավտոմատ կերպով ֆոնդի ընտրությունը: Իսկ քանի որ ներկայումս ավտոմատ ֆոնդ ընտրվելու հոդվածը կասեցված է, ձեր գումարները կմնան «կամուրջ» հաշվին և ձեզ կվերադարձվեն, երբ ՀՀ Սահմանադրական դատարանն օրենքը ճանաչի հակասահմանադրական; Այդ դեպքում դուք լիովին իրավասու կլինեք պահանջելու ձեզ չվճարված աշխատավարձը, որը կարող է հնարավոր չլինել ֆոնդ ընրած լինելու պարագայում: Այդ իսկ պատճառով այժմ ձեզ ապօրինաբար պարտադրում են ֆոնդ ընտրել:

Հարգելի գործատուներ,

Կոչ ենք անում ձեզ լինել ձեր աշխատակիցների կողքին, և չծառայել որպես գործիք ՀՀ կառավարության ձեռքին և չնպաստել այս պետական թալանին: Ձեզ մոտ պահված գումարները փոխանցեք ձեր աշխատակիցներին և դրանով իսկ զերծ կմնաք դրմական միջոցները ձեր հաշիվներում պահելով աշխատակիցներին անդառնալի վնասներ պատճառելուց՝ կորցրած եկամուտների տեսքով, որի դեպքում կարող են սկսվել դատական քաշքշուկներ: Սրանով դուք նաև կծառայեք համաշխարհային քաղաքակրթության բարձրագույն արժեք հռչակված և ՀՀ Սահմանադրական դատարանի 11.02.2014 թվ. թիվ ՍԴԱՈ-6 որոշմամբ ամրագրված մարդու իրավունքների գերակայության սկզբունքին:

Եթե չգիտեք, թե ինչպես կարելի է խուսափել ՊԵԿ-ի պատրաստած թակարդից, չենթարկվելով որևէ պատասխանատվության, կարող եք դիմել «Դ!ԵՄ ԵՄ» թիմին՝ [email protected] էլ. հասցեով:

Մենք արդեն ունենք հարյուրից ավել ընկերություններ, որոնք կանգնել են իրենց աշխատակիցների կողքին:

Դա հնարավոր է, և դուք կարող եք լինել հաջորդը…»:

Հիշեցնենք, որ մենք արդեն հաղորդել էինք, որ վերջին օրերին Կենտրոնական բանկից զանգում են վարկային ընկերությունների և բանկերի տնօրեններին և հորդորում աշխատակիցների աշխատավարձերից պահել և կուտակային ֆոնդերին փոխանցել կենսաթոշակային վճարները` հակառակ դեպքում սպառնալով ստուգումներով և պատժամիջոցներով:

Նախորդ հոդվածը‘Իշխող Ռեգիոնների կուսակցությունից «առնետավազք» է սկսվել’
Հաջորդ հոդվածը‘«Carrefour»-ը կբացվի վեց ամիս անց՝ «Երեւան Մոլ»-ում’