‘«Դեմ եմ». Հովիկ Աբրահամյանի գլխավորած նոր կառավարությունն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել ‘

775

Հովիկ Աբրահամյանի գլխավորած նոր կառավարությունն իր խոստումներից ոչ մեկը չի կատարել: Հունիսի 18-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Գևորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով, կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ նոր օրինագծում նախաձեռնության առաջարկություններից ոչ մեկը հաշվի չի առնվել: «Հայաստանի կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ նոր օրինագիծը վերամշակել և ընդունել է գաղտնի, խախտելով բոլոր նորմերը, առանց որևէ հանրային լսման, նրանք հերթական անգամ փորձում են անցկացնել օրինագիծ, որը, ըստ էության, նախորդից ոչնչով չի տարբերվում, պարզապես, փոխվել է ձևակերպումը, պարտադիր կուտակային տարրը վերաձևակերպվել է նպատակային սոցիալական վճարի: Ես չեմ պատկերացնում, թե 96 էջից բաղկացած փաթեթը պատգամավորներն ինչպես են ուսումնասիրելու խորհրդարանի արտահերթ նիստում: Նեղացվում են շրջանակները, որպեսզի այդ հակասահմանադրական օրինագիծն ուսումնասիրելու և ուղղումներ կատարելու ժամանակ չլինի», — նշել է նա: Գորգիսյանը նշել է, որ նոր օրինագիծը ոտնահարում է Հայաստանի քաղաքացիների իրավունքները:

Գորգիսյանը նաև նշել է, որ եթե այժմ իրենք հրաժարվեն պայքարից, ապա 8 ամսվա աշխատանքը «ջուրը կնետվի»: «Մենք կգնանք մինչև վերջ, եթե պետք լինի, դարձյալ կդիմենք Հայաստանի սահմանադրական դատարան, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև միջազգային կառույցներ», — եզրափակել է նախաձեռնության անդամը:

Նախաձեռնության մեկ այլ անդամ` Մանե Թանդիլյանն, իր հերթին նշել է, որ  Հայաստանի իշխանություններն այդպիսով փորձում են  հանդարտեցնել մասնավոր հատվածը, քանի որ պետական ապարատի աշխատողների վրա ազդելը անհամեմատ ավելի հեշտ է: Ընդ որում նա նաև կարծում է, որ հետագայում ԱԺ արտահերթ նիստերից որևէ մեկի ժամանակ նույն հաջողությամբ կարելի է փոխել պարտադիր համակարգին մասնավոր հատվածի «միացման» օրը:

Նախաձեռնության անդամները միաձայն նշել են, թե քանի որ Հայաստանի իշխանություններն անտեսում են ժողովրդի պահանջները, տեղի ունեցողի համար ողջ պատասխանատվությունն ընկնում է Սերժ Սարգսյանի ուսերին, ով ՀՀ սահմանադրության երաշխավորն է:

  

Նախորդ հոդվածը‘Ֆուտբոլային մերձեցո՞ւմ 2. Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքներն ամբողջովին պատրաստ են Թուրքիայի ուղղությամբ երթևեկության բացմանը’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն պատրաստ է զինադադար առաջարկել անջատականներին’