«Դեպի տուն՝ Եվրոպա»․ Բազմամարդ ցույց Թբիլիսիում

490

Թբիլիսիի կենտրոնում լայնածավալ ցույց է կայացել՝ ի պաշտպանություն Վրաստանի եվրոպական ինտեգրման։

Ակցիան տեղի է ունեցել Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ որոշում կայացնելու նախօրեին։

Ցուցարարները հավաքվել են խորհրդարանի շենքի մոտ՝ ձեռքներին ԵՄ և Վրաստանի դրոշներ ու պաստառներ՝ «Մենք Եվրոպա ենք» գրությամբ։

Ակցիային, որ կազմակերպել է «Ամոթ» քաղաքացիական շարժումը, միացել են ուսանողներ, իրավապաշտպաններ, ընդդիմության մեծ մասը։

«Մենք սպասում ենք Եվրամիության որոշմանը հունիսի 24-ին, որտեղ քաղաքական առաջնորդները որոշում կկայացնեն, թե արդյոք Վրաստանը կստանա թեկնածուի կարգավիճակ։ Մոլդովայի և Ուկրաինայի հետ տրիոն, մենք հասկանում ենք, ստեղծվել է Վրաստանի պատճառով, և Վրաստանը եղել է դրա առաջամարտիկը։ Օլիգարխիան և այս կառավարությունն ամեն ինչ արել են, որ մենք հիմա հայտնվել ենք ետևում ինչ-որ տեղ, այլ ոչ թե առջևում, ինչպես որ պատմականորեն արժանի էինք»,- հայտարարել է գրող և դրամատուրգ Լաշա Բուգաձեն։

Եվրոպացի առաջնորդները վերջնական որոշում կկայացնեն հունիսի 23-24-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում։

Հունիսի 17-ին Եվրահանձնաժողովը ներկայացրել է իր եզրակացությունը երեք երկրների վերաբերյալ։ Ըստ այդմ՝ առաջարկվում է Ուկրաինային և Մոլդովային տալ թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին այն տրամադրել միայն մի շարք պահանջներ կատարելուց հետո։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՔեթի Լեդեկին՝ աշխարհի 17-ակի չեմպիոն
Հաջորդ հոդվածըԻսրայելում կրկին արտահերթ ընտրություններ են սպասվում