‘Դեսպանները հաստատեցին` Սերժ Սարգսյանը «ոչմիբանամետ» է ‘

966

Սերժ Սարգսյանը դժվար կացության մեջ է հայտնվել: Երկու գերտերությունների` Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի՝ Հայաստանում հավատարմագրված դեսպաններն այնպիսի ապտակ են հասցրել նրան, որ, ինչպես երեւում է` ինքն ու իր թիմը դեռ ուշքի չեն գալիս: Ու Սերժ Սարգսյանի բախտը չի բերել հենց նրանով, որ հարվածը երկու տեղից է եկել, գրեթե միաժամանակ:

ՌԴ դեսպանն անդրադարձավ «Համերկրացիներ» ծրագրին` ուղիղ տեքստով ասաց, որ Հայաստանից մարդիկ արտագաղթում են ոչ այդ ծրագրի պատճառով, եւ որ պետք է պատճառներն այլ տեղերում փնտրել: Այսինքն, մարդն ակնհայտորեն մի մեսիջ հղեց. «այնպիսի երկիր կառուցեք, այնպես ղեկավարեք երկիրը, որ մարդիկ չփախչեն, իսկ եթե մարդիկ փախչում են, դա ոչ թե նրանց մեղքն է, ում մոտ  փախչում են, այլ նրանց` ումից որ փախչում են»:

Հետո ԱՄՆ դեսպանը խոսեց, անդրադարձավ Օսկանյանի գործին, բայց ձեռի հետ էլ քննադատեց արդարադատության համակարգը: Ասաց, որ Օսկանյանի գործը օրենսդրության ընտրովի կիրառում է: Բնականաբար, եթե հարվածը մի տեղից լիներ միայն, իշխանական քարոզչամեքենան դեռ մի կերպ կփորձեր արդարանալ: Եթե, ասենք, խոսած լիներ միայն ՌԴ դեսպանը, ապա քարոզչամեքենան լրատվական դաշտը կլցներ տարատեսակ վերլուծականներով, որտեղ կգրեին, թե, իբր, «քանի որ Սերժ Սարգսյանը արեւմտամետ է», ուստի ռուսական կողմը նախագահական ընտրություններից առաջ նման «խանդի» տեսարան է սարքել:

Եթե խոսեր միայն ԱՄՆ դեսպանը, կասեին, թե քանի որ Սերժ Սարգսյանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում, ԱՄՆ-ն չի կարողանում դա հանդուրժել, այդ պատճառով էլ նախագահական ընտրություններից առաջ մեսիջներ է հղում Սերժ Սարգսյանին: Բայց, խոսեցին երկուսը, եւ խոսեցին գրեթե միաժամանակ` 1-2 օրվա տարբերությամբ: Մեկն ապտակեց Հայաստանի իշխանությունների աջ այտին, մյուսը` ձախ: Գուցե շատերին թվա, թե այս հայտարարությունները պատահական են հնչեցվել: Գուցե, բայց նախագահական ընտրությունների շեմի՞ն:

Իրականում, սակայն, այս հայտարարություններն ավելի խորը քաղաքական ենթատեքստ ունեն, քան թվում է առաջին հայացքից: Երբ երկու գերտերությունների միջեւ «խաղացող», նրանց երկուսի հավատարիմ ծառայի իմիջի վրա աշխատող Սերժ Սարգսյանին երկու գերտերություններն էլ նման քաղաքական ապտակներ են հասցնում, նշանակում է` երկուսն էլ հստակ մեսիջներ են հղում:

Հայաստանյան հանրությանը հղում են մեսիջ, որ Սարգսյանը ոչ արեւմտամետ է, ոչ էլ՝ ռուսամետ է, «ձեր պրեզիդենտը ոչմիբանամետ է»:

Իհարկե, մենք չենք քննարկում այն տարբերակը, որ սովորաբար լեգիտիմ նախագահները, առաջին հերթին, լինում են ոչ թե արեւմտամետ կամ ռուսամետ, այլ նախեւառաջ՝ միայն պետականամետ, իրենց երկրի շահերի մասին մտածող: Եթե խոսքը Հայաստանի նախագահի մասին է, ապա նա, առաջին հերթին, պետք է լինի հայաստանամետ: Բայց դե սա այն պարագայում, եթե նախագահը լեգիտիմ է: Իսկ երբ նախագահականում նստում է մարդ, որը ոչ լեգիտիմ ճանապարհով է հայտնվել այնտեղ, որը առնվազն 10 քաղաքացիների սպանության, հարյուրավոր վիրավորների եւ քաղբանտարկյալների գնով է հայտնվել նախագահականում, ապա, բնականաբար, այնտեղ մնալու համար նա պետք է աշխարհաքաղաքական կարեւոր կենտրոններից մեկի մարդը լինի, այսինքն՝ իր նախագահությունը պահելու դիմաց այդ կենտրոններին կամ նրանցից մեկին որեւէ խոստում տված լինի:

2008-ին Սերժ Սարգսյանը դեռ խոստանալու բաներ ուներ` ԼՂ հիմնախնդիր, հայ-թուրքական հարաբերություններ: Իսկ հիմա` գրեթե 5 տարի անց, Սարգսյանի խոստումներ տալու եւ կատարելու պաշարներն արդեն սպառվել են: Ուրեմն, դեսպաններն այսպիսով նաեւ Սարգսյանին են մեսիջ  հղում, որ կամ` այլեւս խոստումները կատարելու ժամանակն է, հակառակ պարագայում, կսկսենք նման «պատահական» հայտարարություններ անել, կամ էլ՝ որ այլեւս այդ խոստումներին հավատացող չկա, խոստումներ տալու պաշարները սպառված են: Իսկ սա առավել քան կարեւոր է: Չմոռանանք` փետրվարին նախագահական ընտրություններն են: Իսկ Հայաստանին հայաստանամետ լեգիտիմ նախագահ է պետք, ոչ թե «ոչմիբանամետ» ոչ լեգիտիմ նախագահ:

 

Պարգեւ Ապրեսյան

 

Նախորդ հոդվածը‘Ուեյն Ռունի. Այլեւս հիմարություններ չեմ անի’
Հաջորդ հոդվածը‘Հայաստան — Իտալիա հանդիպմանը Բալոտելին չի մասնակցի’