‘
ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, մինչեւ 2013 թվականի հունվարը Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հոդվածէ հրապարակել «Ազատություն» ռադիոկայանի կայքում, որից մի հատված ներկյայացնում ենք ստորեւ:
«Խորը ներքին համակարգային ճգնաժամի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետությունը հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում ապացուցեց, որ անկարող է դիմակայել նաև արտաքին մարտահրավերներին: Դրա մասին վկայեցին մեր արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած վճռորոշ զարգացումները կապված ԵՄ-ի հետ շուրջ չորս տարի ամբողջությամբ բանակցված Ասոցացման համաձայնագրի անսպասելի կասեցման և Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության որոշման, ինչպես նաև, դատելով Աստանայում տեղի ունեցած վերջին նվաստացուցիչ միջադեպից, ԼՂ հիմնախնդրի կարգավորման անորոշ ու մտահոգիչ հեռանկարի հետ: Հայաստանի թույլ տված կոպիտ դիվանագիտական սխալները ոչ միայն նվազեցնում են արտաքին ճակատում խուսավարելու մեր հնարավորությունները, այլև լուրջ հարվածի տակ են դնում ՀՀ միջազգային վարկն ու հեղինակությունը:
Այս ամենն ինձ, որպես դիվանագետի և պատմաբանի, լրջորեն մտորելու տեղիք է տալիս: Արդյո՞ք բազում ներքին խնդիրներ կուտակած Հայաստանի Հանրապետությունը ի վիճակի կլինի չեզոքացնել մեր պետականությանը սպառնացող արտաքին լրջագույն վտանգները: Կցանկանայի հավատալ, որ այսօրվա ՀՀ արտաքին քաղաքականությունը մշակողների ու ղեկավարողների ինքնավստահ գործելակերպն արդարացված է, ու նրանք ունեն գաղտնի պահած ինչ-որ մի «զենք», որ կարող են զինանոցից հանել ու վերջին պահին ճեղքել մեր հանրապետության շուրջն օրեցօր ավելի ու ավելի պինդ սեղմվող միջազգային օղակը:
Անհերքելի է այն փաստը, որ արտաքին քաղաքականությունը ներքինի արտացոլումն է, և հենց մեզանում առկա համակարգային ներքին փտախն անկարող դարձրեց դիմակայելու սպառնացող արտաքին վտանգներին: Անկարողություն, որը պայմանավորված է առաջին հերթին մեր երկրի ներսում տիրող անելանելի վիճակով:
Յուրաքանչյուր երկրի դիվանագիտությունը խարսխված է երկու կարևոր հենասյուների վրա` հստակ արտաքին քաղաքական ռազմավարության և պրոֆեսիոնալ կադրերի: Առաջինի հիմքում ընկած է ազգային ու պետական շահերի պաշտպանությանն ուղղված գաղափարախոսությունը, իսկ երկրորդի` մարդկային ու մասնագիտական ներուժի առավել նպատակասլաց օգտագործմանը միտված կադրային քաղաքականությունը: Ցավոք, ներկայիս հայկական դիվանագիտության մեջ բացակայում է առաջինը, իսկ երկրորդն էլ` անթույլատրելիորեն անտեսված է:
Փաստորեն, գործելով առանց արտաքին քաղաքական ռազմավարության ու գաղափարական հենքի, մեր ներկայիս դիվանագիտությունը կարելի է համեմատել առանց դարպասների ֆուտբոլային խաղի, երբ մարզիկները դաշտում խաղում են առանց որևէ նպատակի` հանուն զուտ խաղալու և ժամանակ վատնելու: Այսօր, երբ տեղի են ունենում ուժերի նոր վերադասավորումներ միջազգային ասպարեզում, Հայաստանի Հանրապետությունը, հանձին նրա արտաքին քաղաքական դաշտում խաղացող դիվանագետների, իրականում ոչ միայն զրկված է մնում «գոլ» խփելու` հայանպաստ արդյունքներ արձանագրելու հնարավորությունից, այլև «մարզվելու» ու «հաղթանակ» տանելու անհրաժեշտ մոտիվացիայից և այն վայելելու բերկրանքից:
ՀՀ «նախաձեռնողական» արտաքին քաղաքականությունն այսօր լավագույն դեպքում զբաղված է ադրբեջանական նախաձեռնությունների պոստ ֆակտում չեզոքացմամբ, այս պահին թելադրված խնդիրների լուծմամբ …»:
Շարունակությունը՝ «Ազատության» կայքում
‘