‘Դեսպան. Հայաստանի առևտրային բանկերի և իրանական «Մելլաթ Բանկի» միջև համագործակցության բացակայությունը խոչընդոտում է Մեղրիի ՀԷԿ-ի կառուցմանը’

800

Հայաստանի առևտրային բանկերի և իրանական «Մելլաթ Բանկի» միջև համագործակցության բացակայությունը խոչընդոտում հայ-իրանական համատեղ նախագծերի իրականացմանը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամեդ Ռեյսին: Մասնավորապես, դեսպանն ընդգծել է, որ Մեղրիի ՀԷԿ-ի շինարարության նախագծի իրականացման համար պահանջվում է 500 մլն.դոլար, 3-րդ բարձրավոլտ հասանքագծի համար` ավելի քան 300 մլն.դոլար, սակայն այդ միջոցներն անհրաժեշտ է փոխանցել բանկի միջոցով, հետևաբար Հայաստանի առևտրային բանկերի և իրանական «Մելլաթ Բանկի» միջև համագործակցության բացակայությունն արհեստականորեն խոչընդոտում է այդ նախագհծերի իրականացմանը:

Մեկնաբանելով այն հարցը, թե Իրանին չի՞ մտահոգում արդյոք, որ Մաքսային միությանն անդամակցելով, Հայաստանը կարող է այդ նախագծերն իրականացնել Ռուսաստանի հետ, դեսպանը բացառել է դեպքերի նման զարգացումը: «Դա երբեք տեղի չի ունենա»,-ընդգծել է նա: Միաժամանակ, դիվանագետն ընդգծել է, որ Մաքսային միությանն անդամագրվելու մասին որոշումն ընդունելիս Հայաստանի իշխանությունները, հավանաբար, լավ են դիտարկել այլ երկրների հետ նույնպես համագործակցության տարբերակները:

Հիշեցնենք, որ Արաքս գետի վրա կկառուցվի երկու հիսրոէլեկտրակայան, հայկական կողմում` Մեղրիի, իսկ իրանական կողմում` Կարաչիլարի ՀԷԿ-ը: Ըստ տեխնիկական հիմնավորումների, Մեղրիի ՀԷԿ-ի երկու կայանների ընդհանուր հզորությունը կկազմի տարեկան 130 ՄՎտ, որը կարտադրի 793 մլն.կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Կայանի աշխատանքը կապահովվի դերիվացիոն թունելով, որի երկարությունը կկազմի 18 կմ, տրամագիծը` 8.5 մ: Նախագծի արժեքը գնահատվում է 323 մլն.դոլար: ՀՀ կառավարության և իրանական Tavan Aab Araz ընկերության միջև 2010 թվականի հոկտեմբերին ստորագրված պայմանագրով, որը հիմնված է «շինարարություն-շահագործում-փոխանցում» սկզբունքի վրա, իրանական կողմը պետք է լուծի Մեղրիի ՀԷԿ-ի շահագործման միջոցների ֆոնդավորման հարցը: Շինարարությունը պետք է ավարտվի 5 տարում: Առաջին 15 տարիներին կայանի արտադրած էլեկտրաէներգիան ամբողջովին պետք է տրվի Իրանին, 230 կիլովատ բարձրավոլտ հոսանքագծերով: Այդ ժամկետը լրանալուց հետո Մեղրիի ՀԷԿ-ը կսկսի էլեկտրաէներգիա մատակարարել Հայաստանին, բայց պայմանով, որ կայանի էլեկտրամեխանիկական և էլեկտրատեխնիկական սարքավորումները փոխանցման պահին կունենան օգտագործման 10-ամյա ռեսուրս, իսկ դերիվացիոն թունելը և ինժեներական մյուս կառույցները` 30-ամյա ռեսուրս: Կայանի շինարարությանը կընգրկվի մոտ 2000 մարդ: 

Նախորդ հոդվածը‘ Ռուսաստանցի պրոֆեսոր. Ռուսաստանը Հայաստանը դիտարկում է որպես ֆորպոստ ‘
Հաջորդ հոդվածը‘Մշնախի որոշմամբ՝ Գառնիի տաճարի տարածքում սրճարան կբացեն’