‘
Ուկրաինան և Հայաստանը շահագրգռված են տնտեսական հարաբերությունների զարգացմամբ, ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր են արդյոք անցանկալի տեղաշարժեր երկու երկրների առևտրատնտեսական համագործակցությունում` կապված Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրման և Մաքսային միությանը Հայաստանի առաջիկա անդամակցման հետ:
«Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրատնտեսական լավ հարաբերություններ են, մեծ ապրանքաշրջանառություն: Անցած տարի մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ $223 մլն, և մենք շահագրգռված ենք երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմամբ»,- ընդգծել է դեսպանը:
Կուխտան կասկած է հայտնել, որ Ուկրաինայի կողմից Ասոցացման համաձայնագրի ստորագրումը և ՄՄ-ին Հայաստանի առաջիկա անդամակցումը խիստ ազդեցություն կունենան երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման վրա: Ինչպես հիշեցրել է դեսպանը, Ուկրաինայի և Հայաստանի միջև գոյություն ունի ազատ առևտրի վերաբերյալ պայմանագիր: «Կարծում եմ` այն կշարունակի գործել»,- ասել է նա` ավելացնելով, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների նվազում չի կանխատեսում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի ԱՆ ղեկավար Երլան Իդրիսովն ասել է, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցման վերաբերյալ պայմանագիրը կարող է ստորագրվել 2014 թ. հոկտեմբերին: Մինչդեռ Մաքսային եռյակի առաջնորդների և Սերժ Սարգսյանի Մինսկում վերջին հանդիպման ժամանակ այլ ժամկետներ էին նշվել` ընթացիկ տարվա հուլիսի սկիզբ:
Ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտնել է, որ ժամկետների հետաձգումը կապված է բացառապես տեխնիկական հարցերի հետ: Ինչպես նշվել է, Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կանդամակցի հավասար իրավունքներով:
‘