‘Դեսպան Չարչօղլյանն իր հավատարմագրերն է հանձնել Օմարի սուլթանին’

591

Դեկտեմբերի 4-ին «Ալ-Շումուխ» Սուլթանական պալատում Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը (նստավայրը` Էլ-Քուվեյթ) իր հավատարմագրերը հանձնեց Օմանի Սուլթանության Սուլթան Կաբուս Բեն Սայիդ Ալ-Սայիդին, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Դեսպան Չարչօղլյանն Օմանի Սուլթանին, ժողովրդին եւ կառավարությանը փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: 

Արարողությանը հաջորդած կարճատեւ զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստան-Օման համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարներին: Այս կապակցությամբ Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանը վերահաստատեց երկու երկրների միջեւ բազմակողմ հարաբերությունների հաստատման եւ խորացման Հայաստանի պատրաստակամությունը: 

Հանդիպման ավարտին Սուլթան Կաբուս Բեն Սայիդ Ալ-Սայիդը իր լավագույն ցանկությունները փոխանցեց Հայաստանի նախագահին եւ հաջողություններ մաղթեց նորանշանակ դեսպանին իր դիվանագիտական առաքելության մեջ:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը ՀՀ պաշտոնյաների հետ քննարկել է Ստեփանակերտի ջրամատակարարման խնդրը ‘
Հաջորդ հոդվածը‘Բրիտանիայում փնտրում են վիճակախաղով $120 միլիոն շահած բախտավորին ‘