‘Դեսպան Սվիտալսկին «հարամեց» հետընտրական հովվերգությունը. Իշխանությունը վրոդվված է’

3189

Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ,  դեսպան Պյոտր Սվիտալսկիի այսօրվա ելույթը ակներեւաբար դիպել է իշխանության սրտի նուրբ լարերին: «Ընտրական զարգացումները Հայաստանում. Քաղված դասերը եւ հետագա քայլերը» թեմայով համաժողովում Սվիտալսկիի արած հայտարարությունները խախտեցին ապրիլի 2-ի «հանդարտ» քվեարկությունից հետո ձեւավորված հովվերգական մթնոլորտը: Դեսպանի ելույթը ստիպեց հիշել, որ հետընտրական հանդարտությունը ճահճի հանդարտութուն է, ճահիճ, որի անշարժ ջրերի տակ թաքնված են զանգվածային ընտրակաշառքի, լրագրողների նկատմամբ բռնությունների, դպրոցի տնօրենների եւ ՍԱՍ-ի Արտակի հիմնարկում տեղի ունեցած հավատաքննության դեպքերը եւ այլն:  

Եվրամիության դեսպանի ելույթին շատ արագ կերպով անդրադարձան ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, արդարադատության նորանշանակ նախարար Դավիթ Հարությունյանը եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Դավիթ Հարությունյանը, մասնավորապես, նշել է, որ Սվիտալսկին իր հայտարարությամբ միջամտել է Հայաստանի ներքին գործերին:

«Դա որոշակի փորձ է՝ մեր երկրի ներքին  գործերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի, անկախ նրանից՝ դա արվել է բարի, թե այլ նպատակներով», — ասել է նախարարը:

Երբ «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը մեկ այլ ՀՀԿ-ական պաշտոնյայի՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հիշեցրել է, որ Եվրամիությունը ավելի քան 7 մլն  եվրո է հատկացրել Հայաստանին՝ ընտրական գործընթացին աջակցելու նպատակով, Շարմազանովն ասել է, որ սա այն տարբերակը չէ, որ «ով փող է տալիս, նա էլ շամպայն կամ երաժշտություն է պատվիրում»։

«Եվրամիությունը մեզ օժանդակում է, որպեսզի ժողովրդավարությունը զարգանա, և մենք Եվրամիությանը շատ շնորհակալ ենք, որ նրանք Հայաստանում տարիներ շարունակ օժանդակում են ժողովրդավարության զարգացմանը, սա այլ հարց է, խոսքը գնահատականների մեջ է՝ անձի գնահատականների մեջ է, որն իր լիազորությունների մեջ չի մտնում, և որը Ազգային ժողովի լիազորությունների մեջ է, չեմ ասում՝ իշխանության, ասում եմ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վստահելիության, իրավունքների փոփոխության հարցը, դա մեր ներքին խնդիրն է, և մենք խնդրում ենք որևէ մեր գործընկերների, շատ հարգելով նրանց, պահպանել քաղաքական կոռեկտությունը և չմիջամտել ներքին օրակարգային խնդիրներին», — ասել է ՀՀԿ խոսնակը։

Իսկ Սվիտալսկիի հայտարարության ամենաառանցքային օբյեկտներից մեկը՝ դեսպանի կողմից «անարժանահավատ» հռչակված ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ սա ծայրահեղացված մոտեցում է: «Իհարկե, որեւէ մեկը չի ասում, որ չպետք է քննադատել եւ մատնացույց անել թերությունները, սակայն այս ընտրություններով մենք արձանագրեցինք լրջագույն առաջընթաց: Նոր ընտրակարգով իրականացված ընտրությունների ժամանակ միանշանակ էր էական առաջընթացը»,- ասել է Մուկուչյանը:

Նախորդ հոդվածը‘Պուտինը Պորոշենկոյին պատասխանել է Շեվչենկոյով’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան ավարտել է Սիրիայի սահմանին 700 կիլոմետրանոց պատի կառուցումը’