‘
Առողջապահության նախարարությանը դեռևս անցած շաբաթ պետք է մատակարարվեր «Սելսեպտ» դեղամիջոցը, որի օգտագործումը ցուցված է երիկամների փոխպատվաստման ժամանակ:
Դեղամիջոցի մատակարարման մրցույթում հաղթել է «Վագա- ֆարմ» ընկերությունը:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, թե պարզվում է, որ ներկրող այս ընկերությունը ճիշտ ժամանակին կատարել է իր պարտավորությունները և սահմանված ժամկետում ներկրել դեղամիջոցը: Իսկ թե ինչու՞ այն հասցեատիրոջը չի հասցվել՝ այնքան էլ չի տեղավորվում նորմալ տրամաբանության մեջ: Խնդիրն այն է, որ այդ դեղատեսակի հետ ընկերությունը ներկրել է նաև այլ դեղամիջոցներ, որոնց թվում նաև «Ռոցեֆին», որի փաթեթին, ՝ բացի անգլերեն մակնշումից, լրացուցիչ առկա է նաև դեղի ազդող նյութի լատիներեն մակնշումը, որը լիովին համապատասխանում է օրենսդրության պահանջներին: Սա պատրվակ է դարձել, որ Դեղերի փորձագիտական կենտրոնը դեղը համարի չգրանցված՝ այս դեղի հետ արգելելով նաև նույն խմբաքանակով ներկրված բոլոր մյուս դեղերի ներմուծումը (այդ թվում՝ «Սելսեպտի», թեև այս դեղի հետ կապված որևէ խնդիր չկա):
Ներկայումս «Վագա-ֆարմ» ընկերությունը մրցույթի պայմաններն իբր չկատարելու համար օրական պետք է տուգանքներ վճարի: Թերթի թղթակցի հետ զրույցում «Վագա Ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը ստեղծված իրավիճակին տվել է բավական կոշտ մեկնաբանություն:
«Հերթական այս դեպքը ցույց է տալիս, որ գործ ունենք բանականության բացակայության կանխավարկածի հետ: Այդ հիմնարկի ղեկավարությունը՝ Թոփչյան Հակոբի գլխավորությամբ, լրիվ իրեն կորցրել է: Նույնիսկ իմաստ չկա արդեն արձանագրել, որ տեղի է ունենում կամայականություն և անօրինականություն: Մեր հիմնական գործերը թողած՝ ժամանակը վատնում ենք դրանց կատարած անօրինականությունների պատճառով հասցված վնասների դեմն առնելով:
Նմանօրինակ մի շարք դեպքերի հետ կապված՝ դիմել ենք նրանց վերադաս մարմնին՝ առողջապահության նախարարին: Անօրինականությունների, պատճառած վնասների հանդեպ՝ քար անտարբերություն: Ոչ մի արձագանք՝ ոչ դրական, ոչ բացասական: Դերոն լուռ է»:
‘