‘ԴԺԿ իշխանությունները որոշել են խլել Կոլոմոյսկու ունեցվածքը’

730

Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության իշխանությունները որոշում են կայացրել բռնագրավել Դնեպրոպետրովսկի մարզպետ Իգոր Կոլոմոյսկու ունեցվածքը: Այդ մասին հաղորդել է Интетфакс-ը՝ հղում անելով ԴԺՀ վարչապետ Ալեքսանդր Բորոդային:

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ «Պրիվատբանկի», ինչպես նաև՝ մարզպետին պատկանող այլ կառույցների գործունեությունը դադարեցվել է ԴԺՀ տարածքում: Բորոդայն ընդգծել է, որ «այդ որոշումը կայացվել է այն կապակցությամբ, որ օլիգարխ Կոլոմոյսկին այն մարդկանցից մեկն է, ով պատասխանատու է պատերազմ հրահրելու համար»: Միևնույն ժամանակ, նրա խոսքով՝ ինքնահռչակ հանրապետության կառավարությունը մանր ու միջին բիզնեսին ազատում է հարկերից՝ մինչև պատերազմի ավարտը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ Կոլոմոյսկին ֆինանսավորում է Դոնբասում ուժային գործողություններին մասնակցող զինված կազմավորումներից մի քանիսին: Մասնավորապես՝ նրա օգնությամբ է մարզի տարածքում ձևավորվել «Դնեպր» կամավորական գումարտակը:

Ռուսաստանում գործարարը հեռակա կալանավորվել է Մոսկվայի Բասմանյան դատարանի կողմից: Հետաքննությունը նրան մեղադրում է սպանությունների կազմակերպման, պատերազմ վարելու արգելված միջոցների ու մեթոդների կիրառման, մարդկանց առևանգման, ինչպես նաև լրագրողների օրինական գործունեությանը խոչընդոտելու համար:

Իգոր Կոլոմոյսկին Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից է: Forbes ամսագրի տվյալներով՝ նրա կարողությունը կազմում է 1,8 մլրդ դոլար: Գործարարը Դնեպրոպետրովսկի մարզպետի պաշտոնն ստանձնել է մարտի սկզբին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դատավորը որոշել է կալանավորել Հայրապետյանին` անտեսելով մահացու ախտորոշումը’
Հաջորդ հոդվածը‘ Վարպետության դասեր` ճանաչված կինոգործիչների մասնակցությամբ’