‘ԴԺՀ առաջնորդներից մեկը խոստովանել է, որ իրենք «Բուկ» ունեցել են’

750

Ինքնահռչակ ԴԺՀ առաջնորդներից մեկը՝ Ալեքսանդր Խոդակովսկին, հարցազրույց է տվել Reuters գործակալությանը, որում հաստատել է, որ ռուսաստանամետ անջատականների զինանոցում եղել է «Բուկ» զենիթահրթիռային համալիր: ԱՄՆ-ի կարծիքով՝ հենց այդպիսի համակարգի օգնությամբ է խփվել մալայզիական «Բոինգը»:

Քիչ անց, սակայն, BBC-ի թղթակիցը տեղեկացրել է, որ Խոդակովսկին հեռախոսով հերքել է հարցազրույցում ասվածը՝ պնդելով, որ «իրեն սխալ են հասկացել»:

Այնինչ հարցազրույցի ընթացքում «Վոստոկ» գումարտակի հրամանատարը նշել էր, որ աշխարհազորայինների զինանոցում իսկապես եղել է «Բուկ» համալիր: Նա նաև նշել էր, թե հնարավոր է, որ այդ համակարգը բերվել է Ռուսաստանից, ապա ետ է ուղարկվել, որպեսզի այն հնարավոր չլինի օգտագործել որպես իրեղեն ապացույց: Ավելին, Խոդակովսկին մեղադրել է Կիևի իշխանություններին, թե այդ նրանք են դրդել, որ գործի դրվի «Բուկը»: Նրա խոսքով՝ Կիևն այդ շրջանում ավիագրոհներ էր ձեռնարկում, ընդ որում՝ տեղեկատվություն ունենալով, որ անջատականները զենիթային համալիր ունեն:

Նախորդ հոդվածը‘Ալեքսանդր Բորոդայ. «Դա նման էր սարսափ ֆիլմի տեսարանի»’
Հաջորդ հոդվածը‘Գազայի հատված. Կարմիր խաչի խումբն ընկել է գնդակոծության տակ’