Լեգենդար արգենտինացի հարձակվող Դիեգո Արմանդո Մարադոնայի որդին հայտարարել է, որ հորը սպանել են։
«Մենք հավատում ենք արգենտինական արդարադատությանը։ Նրանք սպանել են իմ հորը։ Ես չեմ ասելու, թե ով է արել դա։ Տարվում է բաց հետաքննություն։ Վստահ եմ, որ ամեն ինչ այդպես պետք է չավարտվեր։ Նրան մատնել էին ճակատագրի քմահաճույքին։ Ես ինքս ինձ խոստացել եմ, որ մինչեւ վերջ կպայքարեմ արդարության համար»,- Մարադոնա կրտսերի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը մահացել է 2020թ. նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։ Մարադոնան 2020թ. նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղումից հետո: Նա դուրս էր գրվել հիվանդանոցից նոյեմբերի 10-ին։ Նրա փաստաբանը հայտարարել էր, որ մահից առաջ Մարադոնան 12 ժամ դուրս է եղել բուժհսկողությունից, իսկ շտապօգնությունը կանչից կես ժամ հետո է հասել տեղ։
2022թ․ ապրիլին հայտնի էր դարձել, որ դատարանի առաջ կկանգնեն Մարադոնայի բժիշկը, հոգեբույժը, եւս 6 բուժաշխատող։ Նրանց սպառնում է 5-25 տարվա ազատազրկում։ Ոստիկանության վարկածով՝ բժիշկները Մարադոնայի բուժման գործընթացում թույլ են տվել հանցավոր անփութություն եւ անուշադրություն, ինչի հետեւանքով էլ վրա է հասել մահը։ Իրավապահները վստահ են, որ պատշաճ բուժօգնության դեպքում՝ հնարավոր կլիներ կանխել կամ հետաձգել Մարադոնայի մահը։