‘Դիզայներական գուլպաների մրցույթի մրցավարը Ջորջ Բուշն է’

583

Ջորջ Բուշ-ավագը որոշել է ամենասիրուն գուլպաների մրցույթ կազմակերպել և դառնալ այդ մրցույթի մրցավարը, տեղեկացրել է ABC News-ը: ԱՄՆ նախկին նախագահը վաղուց է հայտնի իր սիրով տղամարդու զգեստապահարանի այդ դետալի հանդեպ, դրա համար էլ օնլայն մեկնարկած մրցույթը ինքն իրեն արված յուրահատուկ նվեր է՝ ծննդյան 90-ամյակի առթիվ:

Մրցույթը կազմակերպել են Ջորջ Բուշի գրադարանն ու թանգարանը: ԱՄՆ 41-րդ նախագահի համար գուլպաների դիզայն կարելի է ներկայացնել Happy Birthday 41 կայքում՝ գրաֆիակական խմբագրի օգնությամբ: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, այն կշարունակվի մինչև օգոստոսի 31-ը:

Մրցույթի ավարտից հետո հոբելյարն անձամբ կընտրի հաղթողին, և նախագահի կարծիքով՝ լավագույն գուլպաների զույգը կդառնա Բուշ-ավագի թանգարանի ցուցանմուշը: Արդյո՞ք խոսքը միայն էսքիզի մասին է, թե՞ հաղթած գուլպաներն իրոք արտադրվելու են՝ հայտնի չէ:

Բուշ-ավագը բազմիցս հանրության առաջ հայտնվել է վառ գույնի, նախշավոր գուլպաներով: Նրա որդին՝ Ջեբ Բուշը, պատմել է, որ հայրը մոտավորապես 500 զույգ գուլպաների հավաքածու ունի:

2013 թ. Բուշի ծննդյան օրը ամերիկացիները, որպես նվեր՝ նախկին նախագահին, կազմակերպել էին ֆլեշմոբ՝ նրանք լուսանկարվել էին գույնզգույն գուլպաներով և դրանք տեղադրել համացանցում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մամիկոն Խոջոյանի արյան մեջ նավթամթերք և հոգեմետ դեղամիջոց է հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Երկինք, օդանավ, քաղաքական գործիչ. Ֆոտոշարք’