‘Դիզայներ-գյուտարարը ներկայացրեց իր առաջին ցուցահանդեսը Երեւանում (ֆոտոշարք)’

1174

Մասնագիտությամբ հեռուստատեսային մոնտաժող Նարինե Գեւորգյանը վերջին տարիներին զբաղվում է յուրօրինակ աքսեսուարների դիզայնով: Նրա աշխատանքներում աչքի է զարնում գույների բազմազանությունը եւ ձեւերի յուրօրինակությունը: Իր ներկայացրեծ առաջին ցուցահանդեսի ժամանակ Նարինեն iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամեն մի ստեղծագործություն ունի իր խորհուրդը։

Միեւնույն ժամանակ, «Նանե-դիզայնի» նմուշները հիմնականում գործնական կիրառություն ունեն. դրանք կարելի է հաջողությամբ օգտագործել բնակարանների ինտերյերի ձեւավորման մեջ կամ տոնական երեկույթների ժամանակ` որպես զարդ:

Ցուցանմուշներից մի քանիսի պատրաստման եղանակները եւ զարդերն իրենց նշանակությամբ Նարինե Գեւորգյանի սեփական գյուտն են: Օրինակ` ակնոցից կախված զարդը` «ակնոցօղը», հարսանեկան ձեռնազարդը: Հեղինակը պատրաստվում է դրանք ներկայացնել գյուտերի գրանցման Ազգային կենտրոն:

Նարինե Գեւորգյանն իր աշխատանքներում կարեւորում է գույների համադրությունը։ Նա նշում է, որ  գույնն օգնում է մարդուն ընկալել կյանքի բազմազանությունը։ «Փորձել եմ իմ բոլոր աշխատանքները ստեղծել ազգային գույների մեջ»,-ասում է դիզայները։

Մոտ ապագայում Նարինեն պատրաստում է ավելի մեծ ցուցահանդես-վաճառք, որտեղ հնարավոր կլինի նաև աքսեսուարներ գտնել տղամարդկանց համար։

Նախորդ հոդվածը‘Վեցյակին չհաջողվեց համոզել Իրանին’
Հաջորդ հոդվածը‘Ախթալայում բողոքի ալիք է հասունանում’