‘
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը վերընտրվել է նոր ժամկետով. ընտրությունների երկրորդ փուլում նրա օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 51 %-ը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ռուսեֆի մրցակիցը՝ աջակենտրոն Էսիո Նևեսը, ստացել է ձայների 48 %-ից ավելին:
Ինչպես նշել են լրագրողները՝ տասնամյակների ընթացքում երկու թեկնածուների միջև ձայների տարբերությունը երբևէ այսքան աննշան չի եղել: Երկու թեկնածուներն էլ բավական ագրեսիվ քարոզարշավի ընթացքում խոստանում էին վերակազմավորել բրազիլական տնտեսությունը և այն ավելի մրցունակ դարձնել: Քվեաթերթիկների 98 %-ի մշակումից հետո պարզ է դարձել, որ Նևեսը շանսեր չունի հասնելու մրցակցին:
Դիլմա Ռուսեֆը ընտրություններում ներկայացնում է ձախակենտրոն Աշխատավորների կուսակցությունը: Նա առաջին անգամ նախագահի պաշտոնն ստանձնել է 2010 թ.: Փոխանցում է BBC-ն:
‘