Բելառուսի հետ Եվրամիության սահմանի մոտ Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից հազարավոր միգրանտների կուտակմամբ առաջացած ճգնաժամը վաղուց արդեն դադարել է լինել միայն այդ երկրների խնդիրը։ Այն ակտիվորեն մեկնաբանում են նաև Մոսկվան ու Վաշինգտոնը և իրենց վարկածներն են առաջարկում։
Եվրոպական երկրներն իրենք են մեղավոր ստեղծված իրավիճակի համար, կարծում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Իրենք են այնպիսի պայմաններ ստեղծել, որ հազարավոր ու հարյուր հազարավոր մարդիկ գնան։ Ու հիմա մեղավորներ են փնտրում, որպեսզի թոթափեն այս ամենի պատասխանատվությունը»,- հայտարարել է Պուտինը «Россия 1» հեռուստաալիքի «Москва. Кремль. Путин» հաղորդման ընթացքում։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, իր հերթին՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակը անվանել է բելառուսական իշխանությունների կողմից միգրանտների խնդրի ցինիկ չարաշահում և նրանց գործողությունները կապել է Մոսկվայի հետ։ «Լուկաշենկոյի ռեժիմի գործողությունները սպառնում են անվտանգությանը, երկպառակություն են հրահրում և նպատակ ունեն ուշադրությունը շեղելու Ուկրաինայի սահմանին Ռուսաստանի գործողություններից»,- հայտարարել է Բլինքենը Լեհաստանի արտաքին գործերի նախարարի հետ զրույցի ընթացքում։
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին կիրակի օրը ՆԱՏՕ-ից պահանջել է կոնկրետ քայլեր ձեռնարկել դաշինքի սահմանը պաշտպանելու ուղղությամբ։ Նույն օրը եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է Մինսկի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին, որի վերաբերյալ ԵՄ երկրների արտաքին գործերի նախարարները կարող են որոշում կայացնել երկուշաբթի։ Այդ պատժամիջոցների հասցեատերերի թվում են՝ ավիաընկերություններ, տուրիստական գործակալություններ և առնվազն 30 բելառուսցի պաշտոնյաներ, որոնց ԵՄ-ն կասկածում է միգրանտներին տեղափոխելու մեջ, ասել է Բորելը։
Փոխանցում է BBC-ն։
