‘Դիպուկահարի կրակոցից Հալեպում հայ երիտասարդ է զոհվել’

743

Հալեպի ալ Արքուբ շրջանում հոկտեմբերի 10-ին հայ երիտասարդ է զոհվել ազատ բանակի դիպուկահարի արձակած կրակոցից: Այս մասին «Արմենպրեսին»  տեղեկացրել է Հալեպի Ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ զոհվածը, նախնական տվյալներով, հայազգի Մինաս Սազյանն է:

Ռեյիսյանը նաեւ ավելացրել է, որ հայ երիտաարդդի հետ զոհվել է նաեւ նրա ընկերը, ով հայ չէ:

Հալեպի Արքուբ շրջանը բնակելի թաղամաս չէ, այն ավելի շատ հայտնի է իր աշխատանքային վայրերով, որտեղ կան նաեւ բազմաթիվ հայապատկան հաստատություններ:

Ինչ վերաբերում է Հալեպի ընդհանուր իրավիճակին, ապա կենտրոնական, ինչպես նաեւ հայաշատ թաղամասերում, Ռեյիսյանի տեղեկացմամբ, համեմատաբար հանգիստ է:

Վերջին շրջանում Հալեպ քաղաքում դիպուկահարները մեծ թվով մարդկանց կյանք են խլում` այդ թվում նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների:

Հալեպի Նոր գյուղի շրջանում սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած բախումների հետեւանքով դիպուկահարի արձակած գնդակից զոհվել էր Ջորջ Թոփալաքյանը: Երկու օր անց կրկին Նոր գյուղի շրջանում դիպուկահարի արձակած գնդակի  զոհ էր դարձել Կոկո Ղազարյանը:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` երեք տասնյակից ավելի սիրիահայեր: 

Նախորդ հոդվածը‘Անջեյ Կասպշիկ. Լեռնային Ղարաբաղի օդանավակայանը գտնվում է Ադրբեջանի սուվերեն տարածքում’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով ամբաստանյալների պաշտպանները դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին (տեսանյութ)’