‘Դիվերսիոն խմբի անդամ ներկայացվող հայ ծերունու ձեռքը կոտրել են (տեսանյութ)’

1466

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են հայ-­ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանի` «ANS» հեռուստաալիքին տված հարցազրույցը: Նա ներկայացվում է որպես հայկական դիվերսիոն խմբի անդամ: Հիշեցնենք, որ Վերին Կարմիր Աղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը հունվարի 28­-ին հատել էր հայ­ադրբեջանական սահմանը և հայտնվել Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում: Նրան վերջին անգամ սահմանագծի մերձակայքում տեսել է նույն գյուղի հովիվները: ՀՀ Ոստիկանությունից հայտնել են, որ Խոջոյանը առողջական խնդիրներ է ունեցել (հոգեկան) և վերջին 2-3 տարիներին հաշվառված է եղել ու գտնվել բժիշկների վերահսկողության տակ:

Ըստ aysor.am-ի, տեսանյութի սկզբում պարզ է դառնում, որ Խոջոյանի հետ հարցազրույց անում են հայերեն, համենայնդեպս, դա պարզ է դառնում վերջինիս` հայերենով տված հարցից:

77-­ամյա ՀՀ քաղաքացին տեսանյութում պատմում է, որ Վերին Կարմիր Աղբյուր գյուղից է: Տեսանյութում երևում է ծերունու վիրակապած ձեռքը, Մամիկոն Խոջոյանը պատմում է, որ, իբր, միջադեպի օրն ընկել է ու կոտրել ձեռքը, սակայն հիմա իրեն լավ է զգում:

Նա շարունակում է պատմել, որ զբաղվել է խաղողագործությամբ, ապա ծերունու խոսքն ընդհատվում է, իսկ հարցազրույցը ադրբեջանական մեկնաբանությամբ շարունակում է հեռուստամեկնաբանը, ով նշում է, թե Մամիկոն Խոջոյանը հարցազրույցում նշել է, թե «Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է»:

Կայքը նշում է, որ Խոջոյանի կորելու առաջին օրը նույն ադրբեջանական լրատվամիջոցների կողմից հրապարակված լուսանկարներում և նաև տեսանյութում ծերունին ազատորեն շարժում էր ձեռքը:

Ադրբեջանում գերիների, ռազմագերիների հետ հարցազրույցներ կազմակերպելու ու վերջիններիս իրենց քարոզչական նպատակներին ծառայեցնելու մեծ փորձ ունեն: Վերջին անգամ, նման մի «հարցազրույց» կազմակերպվել էր ներկայումս Ադրբեջանում գտնվող, հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ, ով օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:  Ադրբեջանը նախապես հաստատել էր հայ զինծառայողի՝ մոլորվածության պատճառով Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելու վարկածը, սակայն ավելի ուշ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել զինծառայող՝ ինքնակամ շփման գիծը հատելու վարկածը: Ավելի ուշ, համացանցում շրջանառության մեջ դրվեց հայ զինծառայողի հետ երկու «հարցազրույց», ինչը Ժնևյան կոնվենցիայի 13-րդ հոդվածի մի շարք կետերի խախտում է:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում 5 տարի վաճառվում է «սուպեր» բենզին, որը չի ներկրվում. Հետք’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ ԱԳՆ անհանգստացած է ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակով’