‘Դիվերսիոն փորձ. Հակառակորդը 5-7 զոհ է տվել, կա զոհ նաև հայկական կողմից’

2214

Դեկտեմբերի 8-ին, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Իսպիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Yerkir.am ի տեղեկություններով` այսօր ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում  հակառակորդը փորձել է դիվերսիոն գործողություն ձեռնարկել: Արդյունքում` հայկական կողմը կանխարգելիչ հարված  է հասցրել, և հակառակորդը  5-7 զոհ է տվել:  Տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: «Այո, փորձ են կատարել, հետ են շպրտվել , նրանք ունեն զոհեր, բայց ավելի մանրամասն պետք է ճշտել ԼՂ ՊԲ-ից»,- ասաց Դավիթ Բաբայանը: 

Առայժմ պարզ չէ Գարիկ Իսպիրյանը զոհվել է դիվերսիոն գրոհի կանխման ժամանակ, թե՞ հրադադարի խախտման արդյունքում:

Ադրբեջանական մամուլը հաղորդում է, որ ականի վրա պայթել է զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենան, կան զոհեր:

Նախորդ հոդվածը‘«Financial Times». Վրացական և հայկական արժույթների փլուզում. Ի՞նչ է կատարվում’
Հաջորդ հոդվածը‘Մարդու իրավունքների օրվա հայաստանյան քրոնիկոն ‘