‘«Դիտորդ, հեռացիր». Բողոքի ակցիայի մասնակիցներն ընդհարվել են ոստիկանների հետ ‘

940

Այսօր Երեւանի Բաղրամյան պողոտայի վրա ընդհարում է տեղի ունեցել ոստիկանների և բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների միջև: Ակցիայի մասնակիցները ցանկացել են շարժվել դեպի նախագահական նստավայր, սակայն ոստիկանները փակել են նրանց ճանապարհը՝ թույլ չտալով առաջ ընթանալ: Ըստ Epress.am-ի, ոստիկանները հրում էին ցուցարաներին, ովքեր փորձում էին շրջանցել նրանց և շարժվել պողոտայով դեպի վերև:

Ըստ աղբյուրի, բողոքողները ավելի վաղ իրենց երթը սկսել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքից ու շարժվել դեպի Բաղրամյան պողոտայի վրա տեղակայված ԵԱՀԿ դիտորդների գրասնեյակը: Նրանց ձեռքին տարբեր բովանդակությամբ պաստառներ էին՝ «Վերջ բռնության մշակույթը կրող ռեժիմին», «Վերջ ատկատներին», «Այո, ազգային միասնությանը», «Բնակիչ, դարձիր պահանջատեր», «Ինքնորոշված քաղաքացին թաղում է օլիգարխին», «Ոչ ծախու ԿԸՀ-ին, միջազգային դիտորդներին», «Վերջ շինծու ընտրություններին»: Հավաքվածները տարբեր հասարակական կազմակերպությունների, նախաձեռնությունների ներկայացուցիչներ են, որոնց միավորող պահանջը արդար ընտրությունների անցկացումն է և դիտորդների՝ Հայաստանից հեռանալը:

Ցուցարարներին է մոտեցել Գիտությունների ակադեմիայի շենքի մոտ հացադուլ իրականացնող  նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը, ով երթի մասնակիցների հետ միասին սկսել է բանակցել ոստիկանների հետ՝ խնդրելով մարդկանց թույլ տալ հասնել նախագահի նստավայր:

Բանակցություններից հետո ոստիկանները համաձայնել են կատարել բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը, սակայն պարտադրել են վերջիններիս անցնել փողոցը և քայլել դիմացի մայթով: Ցուցարարները հասել են մետրոյի «Մարշալ Բաղրամյան» կայարանի մոտ, որտեղ պարզել են իրենց պաստառները, իսկ բազմաքանակ ոստիկանները շարքով կանգնել են նրանց դիմաց: Այնուհետեւ ցուցարարները ստորագրահավաք են սկսել՝ միջազգային դիտորդների հեռանալու պահանջով:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘Դատախազություն. Հաստատվել է«Վազգեն Խաչիկյանի եւ մյուսների» գործով մեղադրական եզրակացությունը ‘