‘Դիրքերում անզգուշության հետեւանքով վիրավորված զինվորի վիճակը շարունակում է ծանր մնալ’

1023

Հուլիսի 21-ին մարտական դիրքում հրազենային վնասվածք ստացած ԼՂՀ Պաշտպանության բանակի շարքային զինծառայող, 19-ամյա Արսեն Հովհաննիսյանի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց լավանալու միտում ունի: iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Արսենի պապը՝ Պետրոս Հովհաննիսյանը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ծանր վնասվածքով «Մուրացան» հոսպիտալ տեղափոխված զինծառայողը երկու անգամ վիրահատության է ենթարկվել: Նա վնասվածքներ ունի որովայնի, աղիների եւ պոչուկի հատվածում:

Պետրոս Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Արսենն այսօր գիտակցության մեջ է եղել եւ սնունդ է ընդունել: Նրա խոսքով, սակայն, դեռ բժիշկները վստահ չեն, արդյո՞ք կհաջողվի վերականգնել երիտասարդի առողջությունը: «Մինիստրությունից (ՊՆ-ից-խմբ.) պաշտոնյաներ են գալիս-գնում, էսօր էլ ասել են՝ նախարար Օհանյանն է գալու, բայց դեռ չի եկել», — ասաց տուժածի պապը:

ՀՀ ՊՆ քննչական ծառայության ներկայացուցիչ Մերի Սարգսյանն ավելի վաղ տեղեկացրել է, որ ՊԲ N զորամասի մարտական դիրքում զորամասի շարքային զինծառայող Ավետիք Այվազյանը հուլիսի 21-ին վերցրել է դիրքի ավագ, լեյտենանտ Սուրեն Բաբայանին ամրակցված ինքնաձիգը, լիցքավորել այն, կրակ արձակել, ինչի հետևանքով անզգուշորեն մարմնական վնասվածք է հասցրել ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Հովհաննիսյանին:

ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ 239 հոդվածի հատկանիշներով՝ հրազենը կամ ռազմամթերքը անփութորեն պահպանելը, և 373 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր վնաս։ Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Սուրեն Բաբայանը ձերբակալված է առաջին,  Ավետիք Այվազյանը՝ երկրորդ հոդվածի մեղադրանքներով: Նրանք գտնվում են Շուշիի քննչական մեկուսարանում:

Նախորդ հոդվածը‘Թուրք-սիրիական սահմանին առևանգված 2 սիրիահայ պատանիներն ազատ են արձակվել’
Հաջորդ հոդվածը‘Մարկ Սաղաթելյանի վիճակը ծայրահեղ ծանր է’