‘Դի Մատեո. «Ցանկանում եմ հավատալ ԶԼՄ-ներին` «Ռեալի» հարձակվողների համար բարդ շրջան է»’

638

«Շալկե 04»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` «Ռեալի» հետ պատասխան հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ գովեստի խոսքեր է ուղղել մադրիդյան թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հասցեին և անդրադարձել է մրցակցի վերջին անհաջողություններին:

«Բարդ է լինելու, բայց մենք ամեն դեպքում կփորձենք հաջողության հասնել: Անչելոտին աշխարհի լավագույն մարզիչներից մեկն է, և նրա նվաճումներն ամեն ինչ ասում են: Նա մեծ ակումբների հետ է աշխատել և մեծաթիվ տիտղոսներ է նվաճել: Նրան ծանոթ եմ դեռևս Իտալիայի հավաքականում խաղալու տարիներից, Անչելոտին այդ ժամանակ գլխավոր մարզչի օգնականն էր: «Ռեալն» իսկապես ուժեղ թիմ է, որի հետ չենք կարող նույն մակարդակով խաղալ: Կանենք այն ամենը, ինչը մեր հնարավորությունների սահմաններում է, սակայն պետք է համակարգված աշխատենք: Ցանկանում եմ հավատալ լրատվամիջոցներին` «Ռեալի» հարձակվողների համար այժմ բարդ շրջան է, թեպետ ամեն դեպքում նրանց կանգնեցնելը գրեթե անհնար է:

Մեկնարկային կազմում կլինեն այն ուժեղ ֆուտբոլիստները, ովքեր լավ մարզավիճակում են: Ինչ վերաբերվում է «Ռեալի» վերջին պարտությանը, ապա պետք է ասել, որ «Ատլետիկը» սեփական խաղադաշտում միշտ լավ է հանդես գալիս, նրանք մադրիդցիներին իրենց խաղը ցուցադրելու հնարավորություն չտվեցին: Վաղն ամեն ինչ այլ կլինի: Դեռ երեք շաբաթ առաջ ինձ հարցնում էին «Ռեալի» ճգնաժամից, բայց ես չեմ կարծում, որ հնարավոր է նման բանի մասին խոսել»,-Ռոբերտո դի Մատեոյի խոսքերը մեջբերված են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

Նախորդ հոդվածը‘Ռաուլը չի բացառել, որ հնարավոր է մարզչական կարիերա կսկսի’
Հաջորդ հոդվածը‘ Գիգզ. «Այս մրցաշրջանին մեր նպատակը Չեմպիոնների լիգան է, քանի որ Պրեմիեր լիգան հաղթել արդեն չի հաջողվի»’