‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վճարովի կայանատեղիների, արագաչափերի և ճանապարհային խախտումների ապօրինի տուգանքների դեմ պայքարող «Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունն այսօր Արշակունյաց պողոտայով ժամը 12:30-ին կազմակերպել է անհնազանդության ավտոերթ:
Այս պահին Արշակունյաց պողոտայի ողջ երթեւեկությունը խցանման հետեւանքով դադարեցվել է: Պատճառը այն է, որ ոստիկանական ավտոմեքենաները փակել են փողոցը եւ չեն թույլատրում ավտոերթի մասնակիցներին առաջ շարժվել: Պատճառաբանությունը մեկն է՝ «փակել ենք, եւ վերջ»:
Ինչպես տեղեկացնում է iLur.am-ի թղթակիցը, քիչ առաջ ավտոերթի մասնակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին ոստիկանական բաժանմունք: Ոստիկանները նշում են, որ ակտիվիստները խախտել են երթեւեկության կանոնները:
Հիշեցնենք, որ նախաձեռնության անդամները պահանջում են վերացնել կարմիր գծերը, հինգ անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչ այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ հայտարարել համաներում եւ սառեցնել տեսախցիկների ու արագաչափերի օգտագործումը վարորդներին տուգանելու համար` դրանց գործառույթը թողնելով ՃՈ վրա, մինչև կլինի նոր` ընդունելի կանոնակարգ:
‘