‘«Դոժդ»-ի լրագրող. Գյումրիում ուզում են, որ հայ իշխանավորներն իրենց Կրեմլի աշխատակիցների պես չպահեն’

1266

Գյումրիի ողբերգությունը մարդկանց հետ մարդկայնորեն, առանց պաշտոնական ձեւակերպումների խոսելու ունակություն չունենալու հետեւանք է, «Սիվիլնեթի» եթերում ասել է ռուսաստանցի լրագրող, Գյումրիում «Դոժդ» հեռուստաընկերության հատուկ թղթակից Տիմուր Օլեւսկին:  

«Հասկանալիէ, որ մենք բոլորս ողբում ենք եւ սգում, վստահ եմ, որ ռուսաստանցի զինվորներն էլ այժմ լավ վիճակում չեն: Սա տեսնելի է նույնիսկ այն կարճ զրույցների ընթացքում, որոնք հնարավոր է ունենալ: Նրանք զգում են մեղքի ծանրությունը, այն ինչ տեղի է ունեցել, նրանց համար էլ շոկային իրադարձություն է, ինչպես Գյումրիի բնակիչների համար, ովքեր երեկ հուղարկավորությանն էին մասնակցում», — ասել է նա:

Լրագրողի խոսքով, այն քաղաքագետռներն ու պաշտոնյաները, ովքեր Գյումրիում «Մայդանի» կամ արեւմտյան հետքեր են փնտրում, ուղղակի չեն հասկանում, թե ինչ է այստեղ տեղի ունենում:

«Նրանք չեն հասկանում, որ սրանք հակառուսաստանյան տրամադրություններ կամ հեղափոխական տրամադրություններ չեն: Հասկանալի է, որ տեղի հասարակությունն իշխանությունից սեփական պահանջներն ունի:  Հայաստանն անկախ պետություն է, եւ հասկանալի է, որ տեղի բնակչությունը ցանկանում է, որ իշխանությունն իրեն պաշտպանի ցանկացած իրավիճակում, ուզում են, որ նման վիճակներում իշխանություններն իրենց պահեն որպես հայաստանցի պաշտոնյաներ, եւ ոչ թե որպես ՌԴ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ: Իսկ այն ռուս պաշտոնյաները կամ քաղաքագետները, ովքեր այստեղ ամերիկայն հետք են փնտրում, իմ կարծիքով, վերջին տարիներին իրենց իսկ  ծավալած պրոպագանդայի զոհն են դարձել: Նրանք կարծում են, որ Ռուսաստանը շրջապատված է թշնամիներով ու փնտրում են թշնամիներ այնտեղ, որտեղ նրանք չկան: Ես վստահ եմ, որ այս իրավիճակը ճիշտ հասկացվելու դեպքում կարող է շատ բաներ փոխելու հնարավորություն ստեղծել թե՛ ձեզ մոտ, թե մեզ մոտ», — ասել է Օլեւսկին:

Նա նկատել է, որ, այնուհանդերձ, Գյումրիում չի տեսել հակառուսական զանգվածային կոչեր, միայն՝ այլ ընդամենը՝ սեփական անվտանգությունը պաշտպանելու եւ իրենց նկատմամբ հարգանքի պահանջներ: Սակայն, լրագրողի խոսքով, մարդկանց հետ խոսելու անկարողությունը, ավելի է վիրավորում նրանց եւ ի վերջո ստիպում է հիշել հին ցավերն ու կնճիռները, ինչպես օրինակ՝ 99-ի համանման դեպքը Գյումրիում, երբ կրևկին ռուսական ռազմաբազային զինվորները զինված դուրս եկան քաղաք եւ սպանեցին 2 անմեղ քաղաքացու:

«Պետք է ուշադրություն դարձնել, թե ինչպես է փոխվում մարդկանց պահանջների դինամիկան՝ մեղավորին Հայաստանում դատելու միանգամայն հասկանալի պահանջից մինչեւ՝ հին ցավերի հիշողությունը: Հայաստանի համար վատը չլինելու համար պետք է ուղղակի այստեղ ապրող մարդկանց ավելի շատ վստահել», — ասել է «Դոժդի» թղթակիցը: 

Նախորդ հոդվածը‘Գյումրիի ողբերգության միջազգային համատեքստը. Lenta.ru’
Հաջորդ հոդվածը‘Օբաման և Քեմերոնը պայմանավորվել են « կիբեռգրոհներ կազմակերպել» միմյանց դեմ’