‘
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին անգամ դարձել է ընտրություններում իր հաղթանակի հարցում Ռուսաստանի դերի վերաբերյալ հետաքննության օբյեկտ: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը նախագահին կասկածում է արդարադատությանը խոչընդոտելու փորձերի մեջ, հաղորդել են ամերիկյան լրատվամիջոցները:
Թրամփն այդ կասկածները համարել է Մոսկվայի հետ իր կապերի մասին «հնարովի պատմության» շարունակությունը:
Հետաքննությունը վարում է 2001 թվականից 12 տարի ՀԴԲ-ն գլխավորած հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի «երազանքի թիմը»:
Ինչպես գրել է New York Times-ը, Թրամփը չի հավատում Մյուլլերի անկողմնակալությանը և փորձել է հեռացնել նրան (ինչի համար ստիպված պիտի լիներ աշխատանքից ազատել նաև գլխավոր դատախազի տեղակալին, որը նշանակել է Մյուլլերին), սակայն նախագահի շրջապատին դեռևս հաջողվում է նրան ետ պահել այդ քայլից:
Եթե հավատանք ամերիկյան լրատվամիջոցների անանուն աղբյուրներին, քննիչներն սկսեցին նախագահով հետաքրքրվել այն բանից անմիջապես հետո, երբ նա մայիսի 9-ին աշխատանքից ազատեց ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիին, քանի որ նա, հենց Թրամփի խոսքով՝ չէր ցանկացել պարտակել Կրեմլի հետ իր նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի կապերի վերաբերյալ գործը:
Անցյալ շաբաթ Քոմին՝ ՀԴԲ-ում Մյուլլերի նախկին տեղակալն ու նրա ժառանգորդը, կոնգրեսում տված ցուցմունքներում նշել է, որ Թրամփը խնդրել է հանգիստ թողնել «լավ տղա» Ֆլինին:
Փոխանցում է BBC-ն:
‘