‘Դոնբասի անջատականներն ուզում են օրինականացնել ռազմաճակատի նոր գիծը’

903

Դոնբասի ռուսաստանամետ անջատականներն Ուկրաինայից պահանջում են միակողմանիորեն դադարեցնել կրակը և համաձայնել հաստատել շփման նոր գիծ: Այդ մասին Մոսկվայում հայտարարել է Կիևի հետ բանակցություններում ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը:

«Մենք պնդում ենք, որ հենց հիմա ֆիքսվի շփման փաստացի գիծը, որտեղից էլ պետք է սկսել ծանր հրետանու դուրսբերումը»,- ասել է Պուշիլինը Մոսկվայում կայացած մամլո ասուլիսում՝ անդրադառնալով Մինսկում շաբաթ օրը ձախողված բանակցություններին: Պուշիլինը նշել է, որ շփման գիծը փոխվում է ամեն օր, և այն պետք է ֆիքսել «փաստաթուղթը ստորագրելու պահի» դրությամբ:

Պուշիլինը հստակ պատասխան չի տվել  այն հարցին, թե «շփման գծի» որ կողմում են  մնալու Դեբալցևո քաղաքը և նրա շրջակայքը, որոնք ուկրաինական ուժերի վերահսկողության տակ են պահվում: Նա կրկնել է ԴԺՀ ղեկավարության այն պնդումը, թե Դեբալցևյան պլացդարմը շրջապատված է, այնտեղ 8-10 հազար ուկրաինացի զինվորական կա, և թե անջատականները պատրաստ են նրանց բաց թողնել շրջապատումից, եթե նրանք զենքը ցած դնեն: «Մենք չենք ուզում ոչնչացնել այդ խաղաղ քաղաքը, դա մեր քաղաքն է»,- ասել է Պուշիլինն այն քաղաքի մասին, որը, ականատեսների բազմաթիվ վկայություններով՝ մշտապես հրետանային գնդակոծության է ենթարկվում «Նովոռոսիայի զինված ուժերի կողմից»:

Ուկրաինական բանակը հերքում է, թե Դեբալցևոն շրջապատված է հակառակորդի կողմից: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ցեղասպանության գործով վճիռ՝ Սերբիայի և Խորվաթիայի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘PEGIDA շարժումն առաջին երթն է անցկացրել Վիեննայում’