‘Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը խնդրում է նոր բանակցություններ ‘

812

Դոնեցկի անջատականների առաջնորդները նոր զինադադարի կոչ են անում Ուկրաինայի արևելքում: Ինքնահռչակ ԴԺՀ վարչապետ Բորոդայը հայտարարել է, որ պատրաստ է հրաժարվել շատ պահանջներից և լայնածավալ բանակցություններ սկսել Կիևի հետ: Ուկրաինայի ՆԳՆ փոխնախարար Զորյան Շկիրյակը իր ֆեյսբուքյան էջում նույնպես հաստատել է, որ խռովարարները պատրաստ են ցած դնել զենքը և քննարկել հանձնվելու պայմանները: Նրա տվյալներով՝ երեքշաբթի անջատականներից սպանվել է գրեթե հազար հոգի: Իրենք անջատականները հաղորդել են, որ սպանվածների թվում կան նաև խաղաղ բնակիչներ:

Ուկրաինացի վերլուծաբանների կարծիքով՝ ռուսաստանամետ ակտիվիստները մտադիր չեն լուրջ բանակցություններ վարել Կիևի հետ և զինադադարն ընդամենը ուզում են օգտագործել՝ ուժերը վերադասավորելու նպատակով: «Իրականում դա ուկրաինական կողմին շանտաժի ենթարկել է նշանակում, այդպիսին է Ռուսաստանի քաղաքականությունը: Ռուսաստանի և անջատականների նպատակը խաղաղությունը չէ: Նրանք զինադադարն օգտագործում են մարտավարական նպատակներով»,- ասել է քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն:

Նոր խաղաղ նախաձեռնության մասին է հայտարարել նաև Բեռլինը: Գերմանական ԱԳՆ ղեկավար Շթայնմայերը այսօր ԳԴՀ մայրաքաղաքում է հավաքում Ռուսաստանի, Ուկրաինայի և Ֆրանսիայի արտգործնախարարներին: «Հանդիպման ընթացքում նախատեսված է քննարկել, թե հակամարտության կողմերի վստահությանն արժանացող ինչ միջոցներ է պետք ձեռք առնել, որպեսզի կրակի դադարեցման նոր ռեժիմը հնարավոր դառնա»,- ասվում է Գերմանիայի արգործնախարարության հաղորդագրությունում: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Իսրայելում առևանգվել և սպանվել է պաղեստինցի մի պատանի’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլա Սարկոզիին պաշտոնապես «ազդեցության վաճառքի» մեղադրանք է ներկայացվել’