‘Դոնեցկում գերիների «շքերթ» է տեղի ունեցել. Իրավապաշտպանները դատապարտում են (ֆոտոշարք)’

1785

Միջազգային իրավապաշտպանների համոզմամբ՝ Դոնեցկում ռուսաստանամետ անջատականների կազմակերպած ակցիան խախտում է Ժնևի կոնվենցիան, որը պահանջում է մարդասիրական և հարգալից վերաբերմունք ռազմագերիների նկատմամբ:

Կիրակի օրը անջատականները Դոնեցկի կենտրոնում շարասյուներով անցկացրել են ուկրաինացի ռազմագերիների: Այդ կերպ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» առաջնորդները որոշել էին պատասխանել Ուկրաինայի անկախության տոնակատարությանը:

Դոնեցկի կադրերից երևում են, թե ինչպես է քաղաքի կենտրոնով անցնում ուկրաինացի մի քանի տասնյակ ռազմագերիների շարասյունը՝ զինված անջատականների ուղեկցությամբ, իսկ հավաքված ամբոխը վանկարկում է՝ «Ֆաշիստնե՛ր»:

Գերիների շարասյան ետևից անցնում է ջրցան մեքենան:

«Դոնեցկում ուկրաիանցի ռազմագերիների երթը խախտում է Ժնևի կոնվենցիայի՝ ստորացուցիչ վերաբերմունքի արգելքը, դա վիրավորանք է մարդու արժանապատվությանը»,- իր թվիթերյան էջում գրել է Human Rights Watch  իրավապաշտպան կազմակերպության տարածաշրջանային բաժանմունքի փոխտնօրեն Ռեյչել Դենբերը:

Ժնևի կոնվենցիայի 3-րդ հոդվածով, որն ընդունվել է Երիկրորդ համաշխարհային պատերազմից հետո և կիրառվում է միջազգային բնույթ չկրող բոլոր հակամարտությունների դեպքում, կտրականապես արգելվում է «ոտնձգությունը մարդու արժանապատվության նկատմամբ, մասնավորապես՝ վիրավորական և ստորացուցիչ վերաբերմունքը»: Տվյալ երթը այդ բացարձակ արգելքի ակնհայտ խախտում է և կարող է դիտվել որպես ռազմական հանցագործություն, HRW-ի կայքում գրառել է իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչներից մեկը:

 Մինչդեռ Ուկրաինայի կառավարությունում կասկած են հայտնել, թե Դոնեցկի փողոցներով անցնող շարասյունը  ուկրաինացի ռազմագերիներից է կազմված: «Չի բացառվում, որ այնտեղ իսկապես կային ռազմագերիներ, բայց նաև չի բացառվում, որ դրանք մոտակա գաղութից «վերցրած» ստատիստներ էին՝ «ուզո՞ւմ ես ապրել, մեկ է՝ ոտներդ տնկելու ես» սկզբունքով»,- իր ֆեյսբուքյան էջում գրառել է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Երկրաշարժ Կալիֆոռնիայում. հայտարարվել է արտակարգ դրություն (ֆոտոշարք)’