‘Դոնեցկում հերքում են MN17 «Բոինգը» ոչնչացնելու մեղադրանքները’

940

Կիրակի օրը գերմանական Spiegel ամսագիրը, հղում անելով Գերմանիայի դաշնային հետախուզական BND ծառայությանը, տեղեկացրել է, որ MN17 ուղերթն իրականացնող օդանավը Դոնեցկի մարզում խոցել են ռուսաստանամետ անջատականները:

 Ըստ գերմանական ամսագրի՝ այդ մասին մանրամասն խոսվում է BND զեկույցում, որը ներկայացվել է Բունդեսթագի՝ հատուկ ծառայությունների աշխատանքը վերահսկող գաղտնի հանձնաժողովին: Գերմանական հետախուզությունը պնդում է, որ աշխարհազորայիններն օգտագործել են «Բուկ» զենիթահրթիռային համալիր, որը ձեռք են բերել ուկրաինական ռազմակայաններից մեկից:

Իր հերթին՝ անջատականների առաջնորդներից Անդրեյ Պուրգինը Интерфакс գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե աշխարհազորայինները հնարվորություն չունեին խոցելու օդանավը: Նա ենթադրություն է արել, թե ինքնաթիռը սխալմամբ կարող են խփած լինել ուկրաինացի զինվորականները՝ այն ընդունելով ինչ-որ հետախույզ-ինքնաթիռի տեղ:

298 մարդու կյանք խլած  աղետի  վերաբերյալ զեկույցը, որը ներկայացրել է BND նախագահ Գերհարդ Շինդլերը, ուղեկցվում է բազմաթիվ փաստաթղթերով, այդ թվում՝ արբանյակային ձայնագրություններով և լուսանկարներով, գրում է Spiegel-ը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘«Չելսին» և «Բեշիկթաշը» այսուհետ գործընկերներ են’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյան. Դա էդպես չի, որ Սահմանադրությունը ճնշեն կամ չճնշեն’