‘
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դուայթ Յորքը գտնում է, որ առաջիկա դերբիում ֆավորիտը Կարմիր սատանաներն են։ Վերջին մի քանի մրցաշրջանների դերբիներում ակնառու առավելություն ունեին Քաղաքաբնակները, ովքեր շարունակում էին պայքարել տիտղոսի համար այն դեպքում, երբ նրանց հարևանները միայն ձգտում էին հայտնվել Պրեմիեր լիգայի թոփ-քառյակում։
Սակայն Ժոզե Մոուրինյոյի գալով շատ բան փոխվեց։ Յորքը հավատում է, որ հիմա «Յունայթեդը» կրկին դարձել է Մանչեսթերի դերբիի ֆավորիտը, որը կկայանա կիրակի օրը «Օլդ Թրաֆորդում»։
«Շատ դժվար է գնահատել այդ հանդիպումը։ Երկու թիմերն էլ հրաշալի են հանդես գալիս, երկու մարզիչներն էլ գերազանց մեկնարկեցին։ Մոուրինյոն և Գվարդիոլան հետք են թողնում իրենց թիմերում, և խաղացողները ակներևաբար պատասխանում են նրանց։
ՄՅՈՒ-ն կերպարանափոխվեց, և շահում է այնպիսի հանդիպումներ, որոնք անցած մրցաշրջանում հավանաբար կզիջեր։ Ժոզեն թիմ վերադարձրեց մարտական ոգին։
Մենք գիտենք, որ Պեպը ականավոր մարզիչ է, որ նա ամենուրեք հաղթել է և այդ ամենը ներմուծել է «Սիթի»։
Այս պահին դժվար է գնահատել այդ հանդիպումները, բայց ինձ թվում է, որ Սերխիո Ագուերոյի որակազրկումը մեծ հարված կլինի «Սիթիի» համար, չնայած նրանք բավականաչափ բարձրակարգ խաղացողներ ունեն։ Այդուհանդերձ ես զգում եմ, որ «Յունայթեդը» որոշ առավելություն ունի «Սիթիի» նկատմամբ»,- հաղորդել է Յորքը Sky Sports-ին։
‘