‘
ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի այսօր կայացած նիստում օրակարգային հարցերի քննարկումից առաջ Դերենիկ Դումանյանը ներկայացրել է կոլեգիայի նոր անդամ, սիրիահայերի հիմնախնդիրների համակարգման խորհրդի անդամ, բժիշկ Ջորջ Բարսեղյանին։
Այնուհետև կոլեգիան քննարկել է հոգեբուժական ծառայության ներկա իրավիճակի վերլուծությունը, առկա հիմնախնդիրներն ու հոգեկան առողջության պահպանման և բարելավման հայեցակարգը:
«Այս քննարկումները վկայում են, որ հոգեբուժական ծառայության բարելավման ռազմավարության մշակումը, իրոք, կարևոր և արդիական է: Լուրջ անելիքներ ունենք նյութատեխնիկական, շենքային, կադրային, ֆինանսական և այլ ուղղություններով: Դժվար ու պատասխանատու այս ոլորտում բժիշկները, միջին բուժանձնակազմը և մայրապետները բավական ցածր աշխատավարձ են ստանում, որը պարտադրում է մտածելու ֆինանսական մեխանիզմները փոխելու մասին: Օպտիմալացման խնդիր ևս ունենք: Պետք է վերանայել հոգեբուժության կառավարման ներկայիս համակարգը: Աշխատանքներ ենք տանում, որ դեղերի գնումների ընթացքում տնտեսված միջոցների հաշվին 100 տոկոսի մոտեցնենք հոգեմետ դեղերի տրամադրումը: Լուրջ անելիքներ կան դատահոգեբուժական փորձաքննությունների ասպարեզում», — ամփոփելով նիստը ասել է Դերենիկ Դումանյանը: Նա հանձնարարել է կոլեգիայի անդամներն ու ոլորտի պատասխանատուներն առաջարկներ ներկայացնել քննարկված հարցի առթիվ:
‘