‘Դրամի փոխարժեքը պահելու համար կառավարությունը եւս $70 մլն է ծախսել’

1664

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի համախառն միջազգային պահուստները մարտ ամսին ավելացել են 231 միլիոն դոլարով՝ կազմելով 1 մլրդ 491 միլիոն դոլար: Նախորդ մի քանի ամսվա ընթացքում ՀՀ միջազգային պահուստները շարունակաբար նվազում էին՝ պայմանավորված դրամի փոխարժեքի անկմամբ:

Մարտ ամսին պահուստներն ավելացել են կառավարության կողմից թողարկված 500 մլն դոլար արժողությամբ պարտատոմսերի հաշվին: Պարտատոմսերի հերթական չափաբաժնից ստացած $200 մլնով կառավարությունը մտադիր էր մարել 2013-ի սեպտեմբերին թողարկված եվրաբոնդերի պարտքը, մնացած $300 միլիոնով՝ համալրել պետական պահուստները:

Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, միջազգային պահուստներն ավելացել են ընդամենը $230 միլիոնով: Այսինքն, դրամի փոխարժեքը պահելու նպատակով կառավարությունը վերջին ամսում եւս շուրջ 70 միլիոն դոլար է ծախսել:

Փաստացի՝ կառավարությունը շարունակում է տարիներ ի վեր գործադրած արատավոր պրակտիկան՝ բարձր տոկոսներով նոր պարտքեր է վերցնում՝ հին պարտքերը մարելու եւ դրամի փոխարժեքը բարձր պահելու նպատակով՝ փոխանակ վարկային միջոցները տնտեսության ակտիվացմանը, արտադրության խթանմանն ուղղելու, երկրի ներդրումային միջավայրը բարելավելուն ուղղված քայլեր կատարելու:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Քարի՛ն գրեմ նոր սահմանադրությունդ’
Հաջորդ հոդվածը‘The Telegraph. Հայաստանն աշխարհի ամենակրոնասեր երկրների եռյակում է ‘