‘ԵԱԶԲ. 2014-ի առաջին եռամսյակում Հայաստանում ՀՆԱ աճի դանդաղումը պայմանավորված է ներքին պահանջարկի թուլացմամբ’

842

2014 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ՀՆԱ աճի մինչև 3,1 տոկոս դանդաղումը պայմանավորված է ներքին պահանջարկի թուլացմամբ և անբարենպաստ արտաքին կոնյունկտուրայով: Այդպիսի հետևության են հանգել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները` իրենց հրապարակած հերթական «ԱՊՀ մակրոմոնիտորում»: 
Բանկի վերլուծաբանները, մասնավորապես, ընդգծում են, որ Հայաստանի տնտեսությունում առկա իրավիճակն առնչվում է ինչպես Ռուսաստանում ՀՆԱ աճի տեմպերի դանդաղմանը, այնպես էլ արտահանվող հումքի գների կոնյունկտուրային: «Ցածր տնտեսական ակտիվությունը հատկապես դրսևորվել է լեռնահանքային արդյունաբերության (-1.3%) և շինարարության (-3.3%) անկման մեջ: Միաժամանակ իրավիճակը փոխհատուցվում է գյուղատնտեսության (+6.0%)  և վերամշակող արդյունաբերության (+4.5%) լավ ցուցանիշներով», — նշվում են նրանք, միաժամանակ հավելելով, որ 2014 թվականի արդյունքում ԵԱԶԲ ակնկալում է Հայաստանում ՀՆԱ մինչև 4,8 տոկոս աճ: Դա պայմանավորված կլինի միջազգային դոնորների կողմից տրամադրվող մակրոտնտեսական օգնության ավելացմամբ և Մաքսային միության հետ համագործակցության ընդլայնմամբ: 
Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԱՊՀ երկրների ՀՆԱ աճը դանդաղել է՝ 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 1,2 տոկոս: Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը 2006 թ. հունվարին հիմնադրել են Ռուսաստանը և Ղազախստանը` մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացման, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարչ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 մլրդ դոլար: Բանկի մասնակից պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։  

Նախորդ հոդվածը‘Ռուս ուղղափառ եկեղեցին կրկին կնշի Սթափության օրը’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱՎ. ՊՆ-ն շարունակում է առողջական խնդիրներով երիտասարդների զորակոչը’