‘
Հոկտեմբերի 25-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լևոնարխ գյուղի մոտակայքում:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) եւ Իրժի Աբերլեն (Չեխիա): ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ հոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել էր ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը:
‘