‘ԵԱՀԿ դիտորդ. Ընտրություններից անմիջապես առաջ պետք չէ աշխատանքներ սկսել դրանց բարելավման ուղղությամբ’

948

Թեեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը երեկ ուշ երեկոյան է ժամանել Հայաստան, արդեն հասցրել է հանդիպել ԿԸՀ նախագահի, Արտաքին գործերի նախարարի եւ փոխնախարարի հետ։

«Շատ արդյունավետ հանդիպում էր: Նրանք մեզ հավաստիացրին, որ լիածավալ համագործակցություն կլինի: Սակայն պետք է ասեմ, որ սրանք միայն մեկնարկային հանդիպումներ էին»,- ըստ «Ա1+»-ի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելության ղեկավար, դեսպան Հայդի Թալիավինին։

Դիտորդական առաքելության փորձագետների հիմնական մասը ՀՀ նախագահի ընտրությունների ընթացքին կհետեւի Երեւանում: Այս շաբաթվա վերջին կժամանեն եւս 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ ԵԱՀԿ անդամ 11 երկրներից:

«Մենք նպատակ չունենք քննադատելու կամ որեւէ բան պարտադրելու. մեր դերը կայանում է նրանում, որ մենք մեր մանդատի շրջանակներում դիտարկենք, գնահատենք ու առաջարկներ անենք ընտրական գործընթացի վերաբերյալ: Մեզ ավելի հետաքրքրում է գործընթացը, այլ ոչ թե ընտրությունների արդյունքները», — նշել է դեսպան Թալիավինին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում կմնա մինչեւ փետրվարի վերջ, ընտրությունների 2-րդ փուլ լինելու դեպքում նրանց գործուղումը կերկարացվի: Նրանք կպատրաստեն 2 միջանկյալ, իսկ ընտրություններից 8 շաբաթ անց` վերջնական զեկույց: Առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին այսօր հրաժարվեց գնահատականներ տալ հայաստանյան քաղաքական ուժերի գործունեությանը, ինչպես նաեւ` խոսել, թե նախորդ ընտրություններից հետո ինչ փոփոխություններ են կատարվել միջազգային դիտորդների դիտողություններից հետո։
«Որպես օրենք` մենք ընտրությունները չենք համեմատում: Նախորդ ընտրություններից հետո մենք հանձարարականներ էինք տվել ՀՀ իշխանություններին եւ գիտենք, որ այդ ուղղությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ: Մենք նրանց ասել ենք, որ ընտրություններին այսքան մոտ չպետք է սկսվեին այդ աշխատանքները»,- ասել է նա։

Մինչեւ փետրվարի 18-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն իր առաքելության ընթացքում կհանդիպի նախագահի թեկնածուների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Նախորդ հոդվածը‘Արթուր Միրանյանի գոլը՝ շաբաթվա 10 լավագույների թվում. TV Golo’
Հաջորդ հոդվածը‘«Բոինգ 787» օդանավերը կստուգվեն մի քանի միջադեպերից հետո’