‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հերթական զեկույցը. Ս. Սարգսյանի օգտին վարչական ռեսուրսի օգտագործման դեպքերը բազմաթիվ են’

1087

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ առաքելությունը հրապարակել է իր հերթական միջանկյալ զեկույցը (17 հունվար-փետրվարի 9-ը) փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ նախագահական ընտրությունների ընթացքի վերաբերյալ: 6 էջանոց զեկույցում տեղ են գտել նախընտրական քարոզչության ընթացքին վերաբերող մի շարք դիտողություններ, որոնցից ներկայացնում ենք մի քանիսը

«Այն ժամանակ, երբ պետական կառավարման մարմինները հայտարարել էին, որ մտադիր են ընտրություններն անցկացնել ԵԱՀԿ առաջ ստանձնած պարտավորությունների համաձայն, քարոզչական գործունեության եւ պետական գործառույթների միջեւ տարբերությունները հաճախ լղոզված է ներկայանում, նույնիսկ այն դեպքերում, երբ պաշտոնյան, քարոզչություն իրականացնելու նպատակով արձակուրդ է վերցրել:

 ԺՀՄԻԳ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության անդամները հիշատակում են նաեւ «գործող նախագահի օգտին քարոզչություն՝ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում»:

Զեկույցում հիշատակվում է, որ համաձայն ընտրական օրենսրության, ընտրական շտաբերը չեն կարող տեղակայված լինել միեւնույն շենքում, որտեղ տեղակայված են ընտրական հանձնաժողովները կամ պետական ու տեղական ինքնակառավարման մարմինները

«Առաքելությունը ահազանգեր է ստացել այն մասին, որ «գործող նախագահի ընտրական շտաբերը գտնվում է նման շենքերում», — ասվում է զեկուցում:  

Նշվում է նաեւ, որ լրատվամիջոցները լուսաբանում են բոլոր թեկնածուների քարոզարշավը: Միեւնույն ժամանակ, դիտորդական առաքելության անդամները նկատել են, որ հեռուստաալիքների մեծամասնությունը հիմնականում լուսաբանում է «գործող նախագահի» եւ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումները, ընդ որում, Սերժ Սարգսյանի քարոզարշավն՝ առաջին հերթին:

«Սերժ Սարգսյանի ելույթները կամ տարբեր հանրային վայրեր նրա այցելությունները լուսաբանող հրապարակումներում հաճախ հստակ չի տարանջատվում՝ արդյո՞ք այդ միջոցառումները նրա նախընտրական քարոզչության մասն են, թե պաշտոնական գործունեության», — ասվում է զեկույցում: — Նախընտրական հանդիպումներում Սերժ Սարգսյանը շեշտը դնում է կայունության եւ անվտանգության թեմաների վրա, ընդգծելով իր՝ բանակի գերագույն գլխավոր հրամանատար լինելու փաստը եւ անցած ռազմական ուղին»:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ առաքելությունը երեք դեպք է հիշատակում, երբ ուսումնական հաստատությունների ուսուցիչները/դասախոսները կամ ուսանողները ղեկավարության հարկադրանքով  մասնակցել են Սերժ Սարգսյանի նախընտրկան հանդիպումներին:  Ըստ զեկույցի, Վանաձորում մի բուժհաստատության աշխատակիցները նույնպես հարկադրաբար մասնակցել են Սարգսյանի հետ հանդիպմանը:

«Նախագահի չորս թեկնածուներ մտահոգություն են հայտնել ընտրացուցակների վերաբերյալ՝ նշելով, որ դրանցում ընտրողների թիվը խիստ ուռճացված է», — նշում են զեկույցի հեղինակները՝ նկատելով, որ այդ թեկնածուներին մտավախություն ունեն, որ արտասահմանում բնակվող քաղաքացիների ձայները քվեարկության օրը կարող են օգտագործվել:

Հիշատակվում է նաեւ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի փաստը: «Հունվարի 31-ին Պարույր Հայրիկյանը վիրավորվել է անհայտ անձի կողմից Երեւանում, իշխանությունները հետաքննում են միջադեպը: Թեեւ օրենքը նախատեսում է, որ թեկնածուն կարող է դիմել ՍԴ, որպեսզի անհաղթահարելի խոչընդոտների առկայության պատճառով հետաձգվեն ընտրությունները, սակայն Հայրիկյանը հայտարարեոլ է, որ չի գնալու հետաձգման», — ասվում է զեկույցում:

Ընդհանուր առմամբ, ըստ զեկույցի հեղինակների, նախընտրական մթնոլորտը բնորոշվում է մի քանի խորհրդարանական կուսակցությունների որոշմամբ՝ չառաջադրել իրենց թեկնածուներին նախագահի ընտրություններում:

 

Նախորդ հոդվածը‘Եվրոպական ակումբները դեմ են արտահայտվել Պլատինիի գաղափարին’
Հաջորդ հոդվածը‘ԺՀՄԻԳ-ը բացահայտում է. առաջարկները ԺՀՄԻԳ-ին ներկայացվել են ուշ աշնանը’