‘ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ամփոփիչ հայտարարությունը’

662

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 19-26-ը այցելել են տարածաշրջան՝ շարունակելու համար իրենց օժանդակությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին՝ լուծման ուղիներ գտնելու հարցում: 
ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Երևանում համանախագահները նոյեմբերի 23-ին հանդիպումներ են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, նոյեմբերի 26-ին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի և նոյեմբերի 21-22-ին Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ»: Լեռնային Ղարաբաղ այցելության ընթացքում համանախագահները նոյեմբերի 21-ին եղան Զանգելանի և Ջաբրայիլի շրջաններում` գնահատելու այդ տարածքների զարգացումն իրենց վերջին այցից` 2010թ-ի հոկտեմբերից ի վեր:
Համանախագահները նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ դիտարկել են այն հանդիպումների արդյունքները, որոնք իրենք օգոստոսին և սեպտեմբերին առանձին-առանձին ունեցել էին արտաքին գործերի նախարարներ Նալբանդյանի և Մամեդյարովի հետ, ինչպես նաև քննարկել են բանակցային գործընթացի շարունակությանը վերաբերող մի շարք հարցեր, որոնք իրենք ներկայացրել են նախարարներին հոկտեմբերի 27-ին Փարիզում: Կողմերը համաձայնել են շարունակել աշխատանքներն արտաքին գործերի նախարարների մակարդակով:
Համանախագահներն իրենց գնահատանքն են արտահայտել դեսպան Կասպրշիկին և նրա թիմին իրենց կատարած աշխատանքի համար, մասնավորապես, այս բարդ շրջանում հրադադարի մշտադիտարկման առումով, ինչպես նաև հատկապես դեպի Զանգելանի և Ջաբրայիլի շրջաններն իրենց այցին օժանդակելու համար:

Նախորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն հրապարակել է տարվա լավագույն կիսապաշտպանների ցանկը’
Հաջորդ հոդվածը‘Գալուստ Սահակյանի միլիոնատեր որդիները կարո՞ղ են ապրել նվազագույն աշխատավարձով ‘