‘ԵԱՀԿ մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության մեծացման առնչությամբ’

926

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքն ու Պիեռ Անդրիեն խորը մտահոգություն են արտահայտել վերջին օրերին Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ու հայ – ադրբեջանական սահմանին լարվածության սրման առնչությամբ, որը հանգեցրել է  բազմաթիվ զոհերի։ Այդ մասին հաղորդել են կազմակերպության մամուլի ծառայությունից:

Նրանք ցավակցություն են հայտնել զոհվածների ընտանիքներին։ ԵԱՀԿ գործող նախագահը և Մինսկի խմբի համանախագահները նաև խորը մտահոգություն են հայտնել հայ-ադրբեջանական սահմանին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենայի գնդակոծման կապակցությամբ` տեղի բնակչությանը մարդասիրական օժանդակություն ցուցաբերելիս։ Բուրկհալտերն ու միջնորդները խստորեն դատապարտել են քաղաքացիական անձանց դեմ միտումնավոր գործողությունները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների վրա կրակ բացելը` կողմերին հիշեցնելով իրենց պարտավորությունները Ժնևի կոնվենցիայի շրջանակներում:

Նրանք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ են արել անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար և հարգել հրադադարի ռեժիմի շուրջ համաձայնագիրը: «Պատասխան միջոցները և բռնության շարունակումը սոսկ կբարդացնեն հաստատուն խաղաղության հաստատման պայմանները», — ընդգծել են ԵԱՀԿ նախագահը և Մինսկի խմբի համանախագահները: Նրանք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին նաև կոչ են արել հնարավորինս արագ վերսկսել հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք տարածաշրջանում խաղաղության հաստատման միակ ճանապարհն են: 

Նախորդ հոդվածը‘Շախմատի օլիմպիադա. Հայաստանի հավաքականների արդյունքները և մրցակիցները’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ դադարեցնել կրակը’