‘
«Ստատուս քվոն ընդունելի տարբերակ չէ, և մենք պետք է քայլ առ քայլ հասնենք խաղաղության»,- «Ազատության» փոխանցմամբ, երեկ նախագահական նստավայրում տեղի ունեցած համատեղ հայտարարության ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Դիդիե Բուրկհալտերը՝ իր խորին հարգանքը հայտնելով դժվարին և երկարատև խնդրի լուծմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբին:
«Մենք հասկանում ենք, որ այն շատ բարդ է, և մենք չեն թերագնահատում այն դժվարությունները, որոնց բախվում ենք: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ուժեղացվի հրադադարի ռեժիմը, ինչը նշանակում է կիրառել միջադեպերը կանխարգելող մեխանիզմներ։ Սա ողջունվել է բոլորի կողմից, բայց երբեք չի կիրառվել»,- ասել է նա:
ԵԱՀԿ գործող նախագահը նշել է, որ ամեն ինչ անելու են Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջև երկխոսությունն աշխուժացնելու համար:
«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է կողմերին հանդիպել Փարիզում, մենք մեր խորին աջակցությունն ենք հայտնում այս նախաձեռնությանը: Այդ նոր հանդիպումը պետք է դառնա նոր փուլի մեկնակետ, որը կառաջնորդի դեպի խաղաղության համաձայնագրի»,- ասել է Շվեյցարիայի նախագահը՝ ընդգծելով, որ դրան պետք է հասնել մադրիդյան սկզբունքների և միջազգային իրավունքի հիման վրան։
‘