ԵԱ․ Ծանրամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է երկամարտի մեդալային պայքարում

443

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում: Հայ ծանրորդները երկամարտում նվաճեցին 2 ոսկե, 3 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ:

Ոսկե մեդալակիրներ դարձան Ռաֆայել Հարությունյանը (81 կգ) եւ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ):

Ռաֆայել Հարությունյանը Եվրոպայի չեմպիոն հռչակվեց երկամարտի 354 կգ արդյունքով (160+194): Դավիթ Հովհաննիսյանը երկամարտում գրանցեց 377 կգ արդյունք (171+206):

Փոխչեմպիոններ դարձան Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ): Արա Աղանյանի երկամարտի արդյունքը 375 կգ է (170+205):  Սամվել Գասպարյանը Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ  երկամարտի 390 կգ արդյունքով՝ 2 կգ հետ մնալով չեմպիոնի կոչումը նվաճած բուլղարացի Դավիթ Ֆիշերովից:

+109 կգ քաշայինների պայքարում աշխարհի փոխչեմպիոն Վարազդատ Լալայանը երկամարտի 451 կգ (210+236) արդյունքով  հռչակվեց փոխչեմպիոն՝ 11 կգ-ով հետ մնալով 7-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած վրացի Լաշա Տալախաձեից:

Բրոնզե մեդալակիրներ դարձան Արսեն Մարտիրոսյանը (109 կգ, երկամարտ 371 կգ), եւ Գոռ Մինասյանը (+109 կգ, երկամարտ 446 կգ)։

89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով բավարարվեց 5-րդ տեղով: Հայաստանի հավաքականի անդամը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում: Նույն քաշային կարգում Հայաստանի մյուս մասնակից Վարդան Մանուկյանը զրո ստացավ հրում վարժությունում եւ լքեց պայքարը:

Արտաշես Ներսիսյանի գլխավորած կանանց հավաքականից Հայաստանի երեք ներկայացուցիչներ Հռիփսիմե Խուրշուդյանը, Իզաբելա Յայլյանը եւ Տաթեւ Հակոբյանը մեդալներ չնվաճեցին:

Հռիփսիմե Խուրշուդյանը 6 տարվա դադարից հետո 5-րդ տեղը գրավեց Եվրոպայի առաջնությունում: Անվանի ծանրորդուհին երկամարտում գրանցեց 227 կգ արդյունք (105+122):

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելա Յալյանը երկամարտի 197 կգ արդյունքով (90 կգ + 107 կգ) զբաղեցրեց 5-րդ տեղը:

Տաթեւ Հակոբյանը (76 կգ) երկամարտում ձախողվեց։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3-րդ տեղը զբաղեցրեց երկամարտի մեդալային պայքարում ՝ զիջելով Բուլղարիային (8 մեդալ) եւ Ուկրաինային (7 մեդալ):

Նախորդ հոդվածըԵԱ․ Վարազդատ Լալայանը՝ փոխչեմպիոն, Գոռ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածըՌաֆայել Նադալը 14-րդ անգամ նվաճեց «Ռոլան Գարոսի» տիտղոսը (տեսանյութ)