‘
Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Նախավերջին` 8-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց առաջատար Ռուսաստանի հետ, իսկ կանանց թիմը պարտվեց Ավստրիայի ընտրանուն:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց Պյոտր Սվիդլերի հետ, Գաբրիել Սարգսյանը սպիտակներով հաղթեց Ալեքսանդր Գրիշչուկին, Սերգեյ Մովսեսյանը սևերով զիջեց Յան Նեպոմնյատչիին, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Դմիտրի Յակովենկոյի հետ:
Այժմ Հայաստանի հավաքականն ունի 11 միավոր և Ֆրանսիայի, Հոլանդիայի, Վրաստանի ու Գերմանիայի հետ բաժանում է 3-7-րդ տեղերը: Ռուսաստանը 14 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ երկրորդ տեղում ընթացող Հունգարիան ունի 12 միավոր:
Ռուսաստան — Հայաստան՝ 2:2
- Պյոտր Սվիդլեր – Լևոն Արոնյան՝ ½:½
- Գաբրիել Սարգսյան – Ալեքսանդր Գրիշչուկ՝ 1:0
- Յան Նեպոմնյատչի – Սերգեյ Մովսեսյան՝ 1:0
- Հրանտ Մելքումյան – Դմիտրի Յակովենկո՝ ½:½
Հայաստանի կանանց հավաքականը 1.5:2.5 հաշվով զիջեց Ավստրիային: Մեր ընտրանու առաջատար Էլինա Դանիելյանը և Լիլիթ Գալոյանը պարտվեցին, Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ տարավ, իսկ Մարիա Կուրսովան ոչ-ոքի ավարտեց իր պարտիան: Հայաստանի կանանց հավաքականը մնաց 8 միավորով և արդեն 7 միավորով է զիջում առաջատար Ռուսաստանին:
‘