‘Եգիպտոսը փոթորկվում է. երկրում արտակարգ դրություն է մտցվել’

986

Եգիպտոսի փոխնախագահ Մուհամեդ ալ-Բարադեին հրաժարական է տվել: Ինչպես հաղորդել է ИТАР-ТАСС-ը, երկրի ժամանակավոր ղեկավար Ադլի Մանսուրին հասցեագրված ուղերձում նա հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից երկրում տիրող բռնության պատճառով: Ըստ Բարադեիի՝  կային քաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորման տարբերակներ: Մինչդեռ Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ երեկ ծայր առած բախումների արդյունքում զոհերի թիվը հասել է 278-ի, կան հազարավոր վիրավորներ: «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչները խոսում են հարյուրավոր զոհերի մասին: Երկրում առնվազն մեկ ամսով արտակարգ դրություն է հայտարարվել, ինչպես հաղորդվում է՝ «ահաբեկչության դեմ պայքարի նպատակով»: Արտակարգ դրություն մտցնելը ենթադրում է բանակի և ուժային կառույցների անսահմանափակ լիազորություններ, այդ թվում՝ հանցանքներ կատարելու մեջ կասկածվող անձանց ձերբակալություններ: Կահիրեում սպանվել է բրիտանական հեռուստատեսության օպերատորը: «Մուսուլման եղբայրների» հարյուրավոր կողմնակիցներ իրենց համար բացված անվտանգության միջանցքով հեռացել են Ռաբաա ալ-Ադաույա մզկիթի հրապարակից: Ուժային կառույցների հաղորդման համաձայն՝ հրապարակն այժմ լիովին իրենց վերահսկողության տակ է: Սակայն փողոցային մարտերը շարունակվում են քաղաքի այլ հատվածներում:

ԵՄ-ն անհրաժեշտ է համարում հնարավորինս շուտ  դադարեցնել արտակարգ դրության ռեժիմը: Այդ մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը: Վերջինս նաև հերթական անգամ կոչ է արել Եգիպտոսի հակամարտության կողմերին «արտասահմանյան գործընկերների հետ փոխգործակցությամբ՝ բոլոր ջանքերը գործադրել՝ երկիրը զարգացման ժողովրդավարական ուղի վերադարձնելու համար»: Եվրոպական դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ այդ ուղղությամբ հիմնական քայլը պետք է լինի «ընտրությունների անցկացումը և դրանցում քաղաքական բոլոր ուժերի մասնակցությունը»,- փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Վովա Գասպարյանը վերադարձրեց Դոգին ‘
Հաջորդ հոդվածը‘Եգիպտոսը փոթորկվում է. երկրում արտակարգ դրություն է մտցվել’