‘
Եգիպտոսի դատախազությունը «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մոհամեդ Բադիի և շարժման ևս ութ բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության օրդեր է տվել, հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով պետական MENA լրատվական գործակալությանը:
Ավելի վաղ՝ հուլիսի 3-ին, Բադիին ձերբակալել էին ու հարցաքննել, սակայն հետո բաց էին թողել: Հուլիսի 14-ին պարզվեց, որ դատախազության որոշմամբ սառեցվել են 14 բարձրաստիճան իսլամիստների, այդ թվում՝ «Մուսուլման եղբայրների» ինն անդամների՝ ներառյալ Բադին, հաշվեհամարները:
Ինչպես հաղորդել է «Ալ-Ջազիրան», Եգիպտոսի ցամաքային զորքերի շտաբի պետ և պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ ալ-Սիսին նախօրեին կոչ էր արել նախագահ Մուսիի տապալումից հետո երկրում աշխուժացած բռնության և ահաբեկչության դեմ պայքարելու մանդատ տալ բանակին: Եգիպտական հեռուստատեսությամբ հեռարձակված ուղերձում ալ-Սիսին եգիպտացիներին նաև կոչ է արել առաջիկա ուրբաթ՝ հուլիսի 26-ին, ցույցի դուրս գալ և աջակցել բանակին անկարգությունները դադարեցնելու լիազորությամբ օժտելու գործին:
Ի պատասխան պաշտպանության նախարարի այս ելույթի՝ իսլամիստական «Նուր» կուսակցությունը (իր ազդեցությամբ՝ երկրորդը՝ «Մուսուլման եղբայրներից» հետո) հայտարարեց, թե բանակը լրացուցիչ լիազորությունների կարիք չունի, և պետությունը բոլոր լծակներն ունի՝ կարգուկանոն հաստատելու համար, փոխանցում է lenta.ru-ն:
‘