‘Եգիպտոսի նախագահը թույլ է տվել հայրենիք տեղափոխել կալանքը կրող օտարերկրացիներին’

1102

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս հայրենիքին հանձնել այն օտարերկրացիներին, որոնք հետաքննության տակ են, դատապարտված են և կալանք են կրում: Այդ մասին հաղորդել է նախագահի գրասենյակի  ղեկավար Ալյա Յուսեֆը: Նրա խոսքով՝ այս օրենսդրական ակտն ուղղված է «երկրի շահերի և Եգիպտոսի միջազգային իմիջի պաշտպանությանը»:

Օտարերկրյա դիտորդներն ու ԶԼՄ-ները նախագահի հրամանագիրն անմիջապես գնահատեցին «Ալ-Ջազիրա» հեռուստատեսության 20 աշխատակիցների նկատմամբ վերջերս կայացրած դատավճռի ենթատեքստում, որով նրանք այս տարվա հունիսին դատապարտվել են երկարաժամկետ կալանքի՝ ոչ հավաստի տեղեկատվություն հաղորդելու, փաստերը խեղաթյուրելու և Եգիպտոսում 2013 թ. հեղափոխական իրադարձությունները լուսաբանելիս փաստաթղթեր կեղծելու  մեղադրանքով: Մեղադրյալների թվում են՝ Ավստրալիայից թղթակից Փիթեր Գրեստը, անգլիալեզու հեռարձակման ղեկավար Մուհամեդ Ֆահմին (եգիպտացի՝ կանադական անձնագրով), ինչպես նաև պրոդյուսեր Բահեր Մուհամեդը:  Եւս  11 հոգի, այդ թվում՝երկու բրիտանացի և Նիդեռլանդների մի քաղաքացուհի, տասը տարվա ազատազրկման են դատապարտվել հեռակա:

Բացի այդ, մեկ տարի առաջ Եգիպտոսում դատապարտվել են արտասահմանյան հասարակական կազմակերպությունների 40-ից ավելի աշխատակիցներ, որոնք մեղավոր են ճանաչվել ապօրինի գործունեության, արտասահմանից ֆինանսավորվելու և երկրի ներքին քաղաքականությանը միջամտելու համար: ՀԿ-ների հետ կապված այդ սկանդալը էապես բարդացրել էր Կահիրեի և Վաշինգտոնի փոխհարաբերությունները: Բացի 13 եգիպտացիներից՝ դատապարտյալների թվում կան 30 օտարերկրացիներ, այդ թվում՝ 17 ամերիկացի, ինչպես նաև Գերմանիայի, Սերբիայի քաղաքացիներ, պաղեստինցիներ, Հորդանանի և Նորվեգիայի հպատակներ: Մեծ մասի նկատմամբ դատավճիռը հեռակա է կայացվել: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Եռյակ». Արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած ենք ԼՂՀ եւ Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում’
Հաջորդ հոդվածը‘Ստամբուլում ներկ են լցրել ամերիկացի զինվորների վրա’